Իսրայելը երկրաշարժից հետո օգնություն է առաջարկել «թշնամական» Իրանին
Международные новостиԻսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն օգնություն է առաջարկել Իրանին նոյեմբերի 12-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո՝ նշելով, որ երկու երկրների միջև թշնամությունը չի խոչընդոտում մարդասիրական կարեկցանքին, հայտնում է AFP գործակալությունը:
Գործակալությունը նշում է, որ առաջարկը հիմնականում հռետորական է եղել:
Իրանը չի ճանաչում հրեական պետությունը, և իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ առաջարկն անմիջապես մերժվել է:
«Ես տեսա ավերակների տակ թաղված տղամարդկանց, կանանց և երեխաների սարսափելի լուսանկարները: Մի քանի ժամ առաջ ես հրահանգեցի, որ մենք Կարմիր խաչին բժշկական օգնություն առաջարկենք Իրանում և Իրաքում աղետի հետևանքով տուժածների համար: Ես բազմիցս ասել եմ, որ մենք կռիվ չունենք Իրանի ժողովրդի հետ: Մեր խնդիրը միայն բռնապետական ռեժիմն է, որ նրանց պատանդ է պահում և սպառնում է մեզ ոչնչացնել: Բայց մեր մարդասիրությունն ավելի մեծ է, քան նրանց ատելությունը»,- ասել է Նեթանյահուն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրանում նոյեմբերի 12-ի երեկոյան տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 530-ի:
Ավերիչ երկրաշարժը տեղի է ունեցել կիրակի՝ տեղական ժամանակով 21:18-ին Իրանի և Իրաքի սահմանին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Իրաքի Հալաբջա քաղաքից 32 կիլոմետր հարավ ընկած հատվածում: Ամենաշատ զոհերը գրանցվել են Իրանի Քերմանշահ շրջանի Սարփոլե Զահաբ քաղաքում:
Նշենք, որ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում, ինչպես նաև Թուրքիայում, Քուվեյթում, Հորդանանում, Լիբանանում, Սաուդյան Արաբիայում, Քաթարում և Բահրեյնում: