Կորեացի ժողովուրդը մահապատժի է դատապարտել Թրամփին. հյուսիսկորեական լրատվամիջոցներ
Международные новостиՀս. Կորեայի պետական լրատվամիջոցներից մեկը՝ Rodong Sinmun պարբերականը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «նողկալի հանցագործ» է անվանել՝ ի պատասխան Միացյալ Նահանգների 71-ամյա ղեկավարի կողմից հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընին «գեր ու կարճահասակ» անվանելուն:
Ինչպես նշում է The Guardian-ը, լրատվամիջոցը քննադատել է Թրամփին Կիմ Չեն Ընին վիրավորելու համար՝ հայտարարելով, որ ԱՄՆ ղեկավարը «արժանի է մահապատժի»: Բացի այդ, պարբերականը Թրամփին «վախկոտ» է անվանել ասիական շրջագայության ժամանակ Հյուսիսային և Հարավային Կորեաների սահման կատարվելիք այցը չեղարկելու համար:
«Նրա գործած վատագույն հանցագործությունը, որը հնարավոր չէ ներել, մեր գերագույն առաջնորդի արժանապատվությունը վիրավորել էր: Նա պետք է իմանա, որ կորեացի ժողովրդի կողմից մահապատժի դատապարտված նողկալի հանցագործ է»,-ասվում է խմբագրակազմի պատրաստած նյութում:
Նշենք, որ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո Թրամփը սկսել է ագրեսիվ քաղաքականություն վարել Հյուսիսային Կորեայի նկատմամբ՝ անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ հղելով Կիմ Չեն Ընին: Թրամփը պահանջում է, որպեսզի Փհենյանը վերջ տա միջուկային ու հրթիռային ծրագրերի զարգացմանը: Սակայն Հյուսիսային Կորեան հակադարձում է՝ նշելով, որ այդ ծրագրերն ամերիկյան ագրեսիայից պաշտպանվելու միակ միջոցն են: