Կրքերը դժվար թեժանան
АналитикаԵրևանում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք ուղղված են ՊՆ-ի կողմից ներկայացված վիճահարույց օրենքի դեմ։ Ավելի վաղ, հինգ ուսանողներ հայտարարել էին, որ սկսում են հացադուլ։ Սակայն այս ծայրահեղ միջոցը ևս չազդեց, որպեսզի այսօր, ԱԺ-ն, ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ քվեարկի օրինագծին։
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը:
Նախագծին կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ քվեարկեց ընդամենը 6 պատգամավոր:
Մինչ քվեարկությունը վարման կարգով «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հիշեցրեց, որ 4 ուսանող այս պահին հացադուլի մեջ, 120 գիտաշխատող միացել է դասադուլին եւ կոչ արեց դեմ քվեարկել օրինագծին:
Նշենք, որ առաջին ընթերցման ժամանակ օրինագծին կողմ էր քվեարկել 89 պատգամավոր, դեմ էր քվեարկել «Ելք» խմբակցության 9 պատգամավորները:
Չնայած սրան, ուսանողները շարունակում են դասադուլը և հացադուլը։ Այս ամենից հետո, դժվար թե կրքերը թեժանան։ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ պայքարի բազմաթիվ ուղղություններ կան, սակայն պայքարող զանգվածներ չկան։ Եկենք լինենք իրատես։ Իշխանափոխություն, ներկայիս Հայաստանում կարող է լինել միայն այդ համակարգի ներսում։ Ընդդիմությունը բզկտված է և ռեսուրսներից զուրկ։ Մնում է պայքարի ճակատներն ուղղորդել դեպի տարբեր սոցիալական խմբեր։
Շատ տրամաբանական կլիներ, եթե ուսանողներին միանային ավագ դպրոցների աշակերտները։ Մեծ հաշվով, այս պայքարը հենց իրենց համար է։ Տրամաբանական կլիներ նաև, որ նրանց պահանջին միանային մեծ կազմակերպությունները, որոնց հիմնական մարդկային ռեսուրսներն այդ ուսանողներն են։ Խոսքն հատկապես ծրագրավորման ոլորտի ընկերությունների մասին է։ Սակայն նրանք դա չարեցին։ Չարեցին ու հատուցելու են։
Եթե ուզում ենք որևէ ճակատում հաջողենք, ապա պետք է կարողանանք տարբեր հասարակական խմբերի և շերտերի կոնսոլիդացիա ապահովենք մեկ խնդրի շուրջ։ Այդ խնդրի լուծումից հետո, պետք է անցնել հաջորդին և այսպես շարունակ։ Առանց հասարակության համագործակցության, լուծումներ հնարավոր չեն։
Հարություն Մխիթարյան