Ռուբեն ջան, քո դարն անցել է
АналитикаՀերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել հայկական ֆուտբոլը: Արևմտյան հեղինակավոր լրատվամիջոցներն ահազանգում են, որ օրերս տեղի ունեցած Հայաստան-Բելառուս ընկերական ֆուտբոլային հանդիպումը, կոպիտ ասած, ծախված է եղել, իսկ «Federbet» բուքմեյքերական ընկերությունը շտապել է հայտարարել, որ Հայաստան-Բելառուս հանդիպման արդար ընթացքը լրջագույն կասկածի տակ է գտնվում: Ի դեպ՝ նկատենք` առաջին անգամ չէ, որ հայկական ֆուտբոլի անունը հոլովվում է նմանօրինակ թեմաներում:
Մենք այս խնդրին բազմիցս անդրադարձել ենք: Հիմնականում աշխատել ենք չմեղադրել Ռուբեն Հայրապետյանին, սակայն չենք կարող չփաստել, որ համար մեկ պատասխանատուն նա է: Սակայն մյուս կողմից, չի կարող օրգանիզմն ունենա տասնյակ անբուժելի հիվանդություններ և մեկ հատված առողջ լինի: Նույնը Հայաստանում է: Դժվար է խայտառակ ճգնաժամի մեջ գտնվող Հայաստանում, ակնկալել, որ ֆուտբոլը կարող է զարգանալ: Իհարկե, կարող էինք ունենալ քիչ թե շատ նորմալ արդյունքներ, սակայն ոչ այն վիճակը, ինչ ունենք հիմա: 90-ականներին շատ ավելի վատ վիճակ էր մեզանում, սակայն ունեինք 10 թիմանոց կայուն առաջնություն: Իսկ Հայաստանի նման խայտառակ դրության մեջ բնականաբար մեղավոր է իշխանությունը և նրան սպասարկող օլիգարխիան: Այդ թվում՝ Ռուբեն Հայրապետյանը:
Կգա մի պահ, երբ նրան պարզապես կդարձնեն քավության նոխազ, այս ոլորտի տապալումներն արդարացնելու համար: Սակայն մեզ զարմացնում է մեկ այլ հանգամանք: 90-ականների թոհ ու բոհով անցած, օլիգարխ դարձած, Սարգսյանի հայտնի եղբոր հետ խնդիրներ ունեցած ու հետո այդ խնդիրները կարգավորած մարդը, միթե՞ չի տեսնում, որ ձախողել է անդառնալիորեն: Նրա հոգեբանությունը նմանվում է խաղամոլի հոգեբանության՝ որքան գնում, այդքան խրվում է: Ինչ-որ մի պահի պետք է կանգ առնել: Մենք խորհուրդներ տալ չենք սիրում, սակայն Ռուբեն Հայրապետյանի համար, լավագույն լուծումը հենց հիմա հեռանալն է: Նա դրա համար կարող է հազարավոր հիմնավոր պատճառներ բերել, իսկ վաղն արդեն ուշ կլինի:
Հայդուկ Խանամիրյան