Պարգևատրվեցին Շիրակի մարզի լավագույն ուսանողները
ОбществоՈւսանողների միջազգային օրվան ընդառաջ՝ հոկտեմբերի 16-ին, տոնական միջոցառում տեղի ունեցավ Գյումրիում: Շիրակի մարզպետին առընթեր երիտասարդական խորհրդի նախաձեռնությամբ Գյումրու Երիտասարդական պալատում կազմակերպված միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի մարզում գործող բուհերի և կրթական այլ հաստատությունների ներկայացուցիչներ, ուսանողներ:
«Մեզանից յուրաքանչյուրի համար ուսանողական տարիները համարվում են ամենահետաքրքիրն ու պատասխանատուն, կարևորն ու հուզումնալից՝ հիշարժան իրադարձություններով հագեցած: Այդ տարիները մեր մեջ ձևավորում են այնպիսի հատկանիշներ, ինչպիսիք են ինքնուրույնությունը, հաստատակամությունը, նպատակասլացությունը, որոնք այնուհետև հիմք են դառնալու մասնագիտական բարձունքների հաղթահարման և նպատակների իրականացման համար:
Այդ ընթացքում է, որ ձևավորվում է մեր երկրի ապագա բանիմաց և արհեստավարժ մասնագետը, ինչպես նաև քաղաքացին»,-իր շնորհավորական ուղերձում նշեց Արթուր Խաչատրյանը՝ հույս հայտնելով, որ ուսանողների ցուցաբերած կրթական և գիտական նորանոր մտահաղացումներ, համարձակ ու նորարար ձեռնարկումներ կլինեն ի նպաստ մարզի և ի շահ պետության զարգացման: Քաղաքը շենացնելու և երկիրը հզորացնելու մաղթանքով ուսանողներին դիմեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
«Դուք երջանիկ եք, որ ծնվել եք անկախ Հայաստանում և ունեք խոսքի ազատություն, ունեք հնարավորություն անելու ամեն ինչ՝ նախ ի շահ ձեզ, ապա պետության ու հասարակության զարգացման»,-նշեց Գյումրու քաղաքապետը՝ վստահեցնելով, որ ինքը միշտ կա ու կլինի երիտասարդների ու նրանց լավ գաղափարների կողքին: Օրվա խորհրդով պայմանավորված՝ լավագույն ուսանողներն արժանացան պատվոգրերի: Միջոցառումը եզրափակվեց համերգով: