ԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում Թուրքիայի վերաբերյալ նիստ է տեղի ունեցել
Международные новостиԱՄՆ-ի Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում տեղի է ունեցել Թուրքիայի վերաբերյալ նիստ, որը կրել է «Թուրքիայում օրենքի թուլացման զոհերը» խորագիրը:
Ինչպես գրում է թուրքական parlamentohaber.com կայքը, նիստի ընթացքում քննարկվել է Թուրքիայում տիրող ներքաղաքական իրավիճակը:
Ամերիկացի պաշտոնյաներն առանձնահատուկ ընդգծել են անցյալ տարի տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո դեռևս պահպանվող արտակարգ դրության ռեժիմը, որի հետևանքով հազարավոր մարդիկ են ձերբակալվում, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիներ:
Նիստի շրջանակներում ելույթով հանդես է եկել Թուրքիայում ավելի քան մեկ տարի կալանավորման մեջ գտնվող ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրյունսոնի դուստրը՝ Ժակլին Ֆուրնարին, ով քննադատել է Թուրքիայի իշխանություններին՝ հոր հանդեպ իրականացված քայլերն անվանելով անհեթեթ ու անընդունելի:
Իր հերթին նիստին մասնակցող հանրապետական սենատոր Թոմ Թիլլսը հիշեցրել է ներկաներին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն խոսքերը, թե Թուրքիան ԱՄՆ-ին կարտահանձնի հոգևորական Էնդրյու Բրյունսոնին միայն այն դեպքում,եթե ԱՄՆին իրենց արտահանձնի թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, որն Էրդողանի կողմից մեղադրվում է հեղաշրջման փորձի իրականացման համար:
«Դա նշանակում է պատանդ պահել, դա արդարացի չէ: ԱՄՆ-ն նման վերաբերմունք չէր սպասում ՆԱՏՕ-ի անդամ իր դաշնակցից», - ասել է սենատորը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր հյուպատոսական աշխատակցի ձերբակալությունից հետո և այնուհետ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը, ի պատասխան ԱՄՆ-ի քայլերի, հայտարարել էին այցագրերի տրամադրումը դադարեցնելու մասին։ Օրերս կողմերը հայտարարեցին այցագրերի տրամադրման արգելքի մասնակի չեղարկման մասին:
ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակից Մեթին Թոփուզը ձերբակալվել էր Ստամբուլում՝ անցյալ տարի տապալված հեղաշրջման համար մեղադրվող ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեղադրանքով: