Անչելոտին համաձայնել է գլխավորել Իտալիայի հավաքականը
СпортՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Կարլո Անչելոտին համաձայնել է գլխավորել Իտալիայի ազգային հավաքականը, գրում է Gazzetta dello Sport-ը։
58-ամյա Անչելոտիի հետ բանակցել է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Միշել Ուվան, որն իտալացի մասնագետի հետ մտերիմ է «Պարմայում» աշխատանքից հետո։ Անչելոտին համաձայն է աշխատել Իտալիայի հավաքականում, սակայն կողմերը դեռ փոխհամաձայնության չեն եկել պայմանագրի բոլոր կետերի հարցում։ Հնարավոր է, որ նա ազգային թիմը կգլխավորի ամռանը։
Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր էր դարձել Ջամպիերո Վենտուրայի հեռացումից հետո։
Իտալացիներն ԱԱ-2018-ի անցումային հանդիպումներում չէին կարողացել հաղթահարել Շվեդիայի հավաքականի արգելքը (0:1, 0:0) եւ 60 տարում առաջին անգամ չեն մասնակցի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին:
Կարլո Անչելոտին «Բավարիայից» հեռացվել էր սեպտեմբերի վերջնամասում եւ մինչեւ օրս գործազուրկ է։