ՀՀ-ում այսուհետ հնարավոր կլինի գրանցել և կիրառել «օքսիկոդոն» պարունակող դեղերը
ОбществоՀՀ կառավարությունը հավանություն տվեց «օքսիկոդոն» պարունակող դեղերը հանրապետությունում ըստ անհրաժեշտության գրանցելու և կիրառելու մասին նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ,Հայաստանի Հանրապետությունում «օքսիկոդոնը» ընդգրկված է ՀՀ կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N1129-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների կազմի» ցուցակ 1-ում (թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, որոնց շրջանառությունը ՀՀ տարածքում արգելվում է) և հնարավոր չէ գրանցել և կիրառել հանրապետությունում «օքսիկոդոն» պարունակող դեղեր:
Ուստի անհրաժեշտություն է առաջացել այն տեղափոխել նույն ցանկի ցուցակ 2՝ «Թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, որոնց շրջանառությունը սահմանափակ է», որը համապատասխանում է ՄԱԿ-ի «Թմրամիջոցների մասին միասնական կոնվենցիայի» (1961 թվական) հսկման ենթակա նյութերի ցանկի «դեղին ցուցակին»:
Ըստ հիմնավորման, նախագծի անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ պալիատիվ (ամոքիչ) բժշկական օգնության և սպասարկման ծառայության գործառույթների արդյունավետ կազմակերպելու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընդգրկել է «օքսիկոդոնը» ամոքիչ բժշկության մեջ օգտագործվող հիմնական դեղերի ցանկում: