Բանաստեղծներ Հակոբ Մովսեսը և Հենրիկ Էդոյանն ԱրՊՀ-ում հանդես են եկել դասախոսությամբ
КультураԱրցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հրավերով նոյեմբերի 16-ին, բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր Հենրիկ Էդոյանը և բանաստեղծ-թարգմանիչ Հակոբ Մովսեսը հանդես են եկել դասախոսությամբ:
Բանախոսները ներկայացրել են արդի հայ գրականության միտումները:
«Այսօր ստեղծվել է մի իրականություն, երբ գրականությունն ավելի առօրեական վերաբերմունք է պահանջում, և այս համատեքստում հատկապես կարևոր է ընդգծել մարդասիրական կերպարը. այն ներկայացվում է նաև արդի հայ գրողների ստեղծագործություններում»,- ասել է Հակոբ Մովսեսը:
Իր խոսքում բանախոսն անդրադարձել է նաև թարգմանական գրականությանը՝ մասնավորապես ընդգծելով Արցախում լույս տեսնող «ԳեղԱրմ» գրական-գեղարվեստական հանդեսը:
Իսկ բանասիրական գիտությունների դոկտոր Հենրիկ Էդոյանը նշել է, որ արդի բանաստեղծների ստեղծագործությունները միջնադարյան և ժամանակակից բանաստեղծությունների սինթեզն են: Նա ներկայացրել է այն հայ գրողներին, ովքեր ունեն նոր մոտեցումներ և առաջ են բերում նոր ժանրեր:
«Այսօրվա հայ գրականության, մասնավորապես հայ բանաստեղծության հիմնական տարբերությունը նախորդի համեմատ այն է, որ մեր բանաստեղծության մեջ վերածնվում են նոր տարրեր՝ գեղարվեստը, պոեզիան, պոետիկան»,- ասել է Հենրիկ Էդոյանը և ավելացրել, որ մեծ նշանակություն ունեն նաև այլաբանությունները:
Գրականագետներն իրենց խոսքում կարևորել են նման նախաձեռնությունները՝ տեղի գործընկերների հետ փորձի փոխանակման և երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ հաղորդակից լինելու տեսանկյունից: