Դավիթ Լոքյանը Դմիտրի Մարյասինի հետ քննարկել է ՄԱԶԾ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը
ЭкономикаՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նոյեմբերի 16-ին ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողի տեղակալ Դմիտրի Մարյասինին և քննարկել ՄԱԶԾ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը: Հանդիպմանը մասնակցել են ՄԱԶԾ-ի հայաստանյան պատասխանատուները, նախարարության ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել «Ինտեգրացված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում», «Գյուղական զբոսաշրջության ինտեգրացված զարգացում» ծրագրերին: Դմիտրի Մարյասինը իր խոսքում կարևորել է, որ այդ ծրագրերը նախարարի մշտական ուշադրության կենտրոնում են, գոհունակություն հայտնել հատկապես Տավուշի մարզի 45 համայնքում իրականացվող ծրագրերի ընթացքից: Նրա խոսքով, նախատեսում են ծրագիրը շարունակել նաև այլ մարզերի սահմանամերձ համայնքներում և այս հարցում կարևորել է նախարարի խորհրդատվությունը՝ աշխատանքները ճիշտ և արդյունավետ դարձնելու համար:
Այս, ինչպես նաև «Գյուղական զբոսաշրջության ինտեգրացված զարգացում» ծրագրի կազմակերպչական հարցերի նպատակով առաջարկ է հնչել ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք մարզային այցելությունների ընթացքում կկատարեն ուսումնասիրություններ և վերջնական փուլում արդեն կորոշեն այն համայնքները, որտեղ պետք է իրականացվեն ծրագրերը:
Նախարար Լոքյանը մի շարք առաջարկներ է ներկայացրել վերոնշյալ ծրագրերի հետ կապված, ասել, որ նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ կձևավորեն աշխատանքային խմբեր, յուրաքանչյուր ծրագրի մասով սահմանել է հստակ ժամկետներ: Երկուստեք կարևորվել է այն հանգամանքը, որ ծրագրերը պետք է լինեն թիրախային և հստակ, որպեսզի տվյալ համայնքներում դրանք էական ազդեցություն ունենան բնակիչների համար:
Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել տեղական մակարդակում՝ համայնքի կողմից հանրային ծառայությունների մատուցման ոլորտում նորարարական լուծումների առաջարկներին, ինչի ուղղությամբ աշխատում են ՄԱԶԾ համայնքային զարգացման փորձագետները : Նախարար Լոքյանը կարևորել է այս ծրագիրը, նշելով, որ դրան կարող է նպաստել այսօր Կառավարության հավանությանն արժանացած «Միջհամայնքային միավորումների մասին» օրենքը, որով նախատեսվում է միջհամայնքային միավորման ստեղծման երկու եղանակ՝ կամավոր հիմունքներով և օրենքով:
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումները և համատեղ քննարկել ծրագրերի ընթացքը: