Սաուդյան Արաբիայի իշխանությունները ձերբակալված արքայազններին առաջարկել են ազատություն իրենց փողերի դիմաց
Международные новостиՍաուդյան Արաբիայի իշխանություններն առաջարկել են կոռուպցիայի մեջ կասկածանքով ձերբակալված թագավորական ընտանիքի անդամներին և գործարարներին պետությանը հանձնել իրենց կարողության և բիզնեսների մի մասը՝ ազատության դիմաց: Այդ մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Թերթը նշել է, որ այդկերպ կառավարությունը պատրաստվում է համալրել պետական գանձարանը հարյուրավոր միլիարդ դոլարով:
Լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, որ ձերբակալվածների մի մասը, որոնցից շատերին տեղավորել են Էր Ռիադում գտնվող Ritz-Carlton հյուրանոցում, պատրաստ են համաձայնել գործարքին:
«Նրանք բանակցություններ են վարում Ritz-ում գտնվողների մեծ մասի հետ: Տվեք փողերը և կարող եք ազատ լինել»,- ասել է աղբյուրը:
Թերթի զրուցակիցներից մեկի խոսքերով՝ ձերբակալված միլիարդատերերից մեկին առաջարկել են պետությանը փոխանցել իր կարողության 70 տոկոսը կոռուպցիոն գործունեության հասցրած վնասները փոխհատուցելու համար:
Ինչպես գրում է լրատվամիջոցը, գործարքից ստացված միջոցները պետք է օգնեն թագավորությանը լրացնել բյուջեի դեֆիցիտը, որն անցած տարի հասել է 75 միլիարդ դոլարի նավթի գների անկման հետևանքով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայի թագավոր և թագաժառանգ արքայազնի կողմից ստեղծված հակակոռուպցիոն հանձնաժողովի հրամանով կալանավորվել էր 11 արքայազն, ինչպես նաև գործող ու նախկին նախարարներ՝ վերին իշխանական օղակներում կոռուպցիան արմատախիլ անելուն ուղղված լայնածավալ արշավի շրջանակում: