Գերմանիան հուսով է, որ Լուկաշենկոն կմասնակցի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին
Международные новостиԲրյուսելում նոյեմբերի 24-ին ԵՄ-ի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությունը դրական ազդանշան կլինի: Այդ մասին Մինսկում հայտարարել է Գերմանիայի դաշնային արտգործնախարար Զիգմար Գաբրիելը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի նախաշեմին ենք: Մենք մեծ հույս ունենք, որ Բելառուսի նախագահը կկարողանա ժամանել գագաթնաժողովին, դա կլինի դրական ազդանշան»,- ասել է Գաբրիելը լրագրողներին:
Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի ծառայության պաշտոնյան հայտնել էր լրատվամիջոցին, որ Եվրամիությունը Լուկաշենկոյին գագաթնաժողովի մասնակցության պաշտոնական հրավեր էր ուղարկել: Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը հայտարարել է հոկտեմբերին, որ դեռ քննարկվում է, թե ինչ մակարդակով ԵՄ նախաձեռնության գագաթնաժողովին ներկա կլինի Մինսկի պատվիրակությունը:
Նոյեմբերին Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը հաստատել է, որ բելառուսական պատվիրակությունը մասնակցելու է գագաթնաժողովին:
Նշենք, որ Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը նախատեսված է նոյեմբերի 24-ին: