Հաիթիում հորդառատ անձրեւների պատճառով ջրի տակ է անցել ավելի քան 10 հազար տուն
Международные новостиՄի քանի օր շարունակ չդադարող հորդառատ անձրեւները ուժեղ ջրհեղեղներ են առաջացրել Հաիթիում: Ինչպես հաղորդել է Le Nouvelliste պարբերականը, աղետի զոհ է դարձել 5 մարդ, որոնցից երկուսը երեխաներ են:
Պարբերականի տվյալներով՝ ջրի տակ է անցել ավելի քան 10 հազար տուն: Վատ եղանակի հետեւանքով ամենաշատ տուժել է մեծությամբ երրորդ Լե Կե քաղաքը, որը գտնվում է երկրի հարավ-արեւմուտքում:
Մի քանի գետեր հունից դուրս են եկել, ջրհեղեղի պատճառով փակ են շատ ճանապարհներ: Իշխանությունները խնդրում են մարդկանց անհրաժեշտության դեպքում պատրաստ լինել տարհանվելու: Օդերեւութաբանները զգուշացնում են, որ երկրում հորդառատ անձրեւները կշարունակվեն մինչեւ շաբաթվա վերջ:
Հունիսի սկզբից մինչեւ նոյեմբերի վերջ Հաիթիում շարունակվում է արեւադարձային օդային հոսանքների ժամանակաշրջանը: Քաղաքային ենթակառուցվածքների, մասնավորապես ջրատար խողովակների, լիակատար բացակայության պայմաններում, ուժեղ անձրեւներից հաճախ շրջաններն ամբողջությամբ ջրի տակ են անցնում եւ մարդկային զոհեր են լինում: