Եվրամիությունը կկրճատի Թուրքիային հատկացվող օգնությունը
Международные новостиԵվրամիությունը կկրճատի Թուրքիային հատկացվող ֆինանսական օգնությունը, որը վճարվում է ԵՄ անդամության թեկնածուների աջակցության ծրագրի շրջանակում: Այսօր բյուջեի ծրագրի քննարկման ընթացքում որոշվել է Անկարային հատկացվող միջոցները կրճատել 105 մլն եվրոյով, հայտնում է «Գերմանական ալիքը»:
ԵՄ դիվանագիտական շրջանակներին վկայակոչելով՝ AFP-ն հայտնում է, որ եւս 70 մլն կվճարվի, եթե միայն Բրյուսելում առաջընթաց տեսնեն Անկարայի կողմից իրավական պետության սկզբունքներին հետեւելու հարցում:
Հաջորդ տարվա բյուջեն, որը համաձայնեցվել է նոյեմբերի 18-ին տեղի ունեցած Խորհրդի նիստում, ընդգրկում է 144,7 մլրդ եվրո ծախսեր: Սա 10 մլրդ-ով ավելի է, քան մեկ տարի առաջ:
Թուրքիան ԵՄ անդամության պաշտոնական թեկնածու է դարձել 2004 թվականին: 2004-ից 2020 թվականը թեկնածու երկրների աջակցության ծրագրի շրջանակում Անկարային ընդհանոր վճարումները պետք է կազմեին մոտ 4,5 մլրդ եվրո: ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները փակուղի են մտել, այդ թվում՝ նաեւ Թուրքիայում 2016 թվականի ամռանը չհաջողված հեղաշրջումից հետո զանգվածային զտումների եւ կալանավորումների պատճառով: