Իսմայիլովը մեկնաբանել է իրեն ներկայացված մեղադրանքները. Ես պնդում եմ իմ անմեղությունը
Международные новостиՄոսկվայի Չերկիզովյան շուկայի նախկին տեր Թելման Իսմայիլովը հայտարարել է, որ կապ չունի հանցագործությունների հետ, որոնց վերաբերյալ գործով ինքը հեռակա կալանավորվել է եւ իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
«Ես իմ կյանքի ընթացքում ոչ մի հանցագործություն չեմ կատարել: Ես պնդում եմ իմ անմեղությունը եւ կկարողանամ դա ապացուցել»,- հայտարարել է նա «Россия 1»-ի եթերում:
Իսմայիլովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել 2 սպանության կազմակերպման գործով: Ավելի վաղ դատարանը նրան կալանավորելու հեռակա թույլտվություն է տվել: Անցած չորեքշաբթի Մոսկվայի քաղաքային դատարանը հաստատել է Իսմայիլովի հեռակա կալանավորումը:
Նույն գործի շրջանակում ավելի վաղ կալանավորվել էին Թելման Իսմայիլովի եղբայրներ Վագիֆ եւ Ռաֆիկ Իսմայիլովները: Գործի չորրորդ ֆիգուրանտը Մեհման Քերիմովն է: Նրանց մեղսագրվում է 2 սպանություն՝ 2016 թվականին առեւտրի համալիրների տեր Վլադիմիր Սավկինի եւ «Լյուբլինո Մոտորսի» հիմնադիր Յուրի Բրիլեւի գնդակահարությունը:
Մեղադրանքներ են ներկայացված «Զենքի ապօրինի շրջանառության» եւ «2 եւ ավելի անձանց առանձնապես դաժան սպանության, որը կատարվել է խմբի կողմից հանրորեն վտանգավոր եղանակով» հոդվածներով: