Պիկեն մրցավարին. Դու արդեն տանից ինձ դեղին քարտ ես ցույց տվել
Спорт«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կարծում է, որ պատահական դեղին քարտ չի ստացել Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի` «Լեգանեսի» հետ խաղում (3:0):
Խաղի 29-րդ րոպեին Պիկեն ընթացիկ մրցաշրջանում իր 5-րդ դեղին քարտն է ստացել այն բանի համար, որ պահել է մրցակցին, ով տիրում էր գնդակին:
Այս զգուշացման պատճառով ֆուտբոլիստը մեխանիկորեն որակազրկվել է հաջորդ խաղի համար` «Վալենսիայի» դեմ, որը կկայանա նոյեմբերի 26-ին: Պիկեն վստահ է, որ հանդիպման գլխավոր մրցավար Ալբերտո Ունդիանո Մալենկոն միտումնավոր է իրեն զգուշացրել.
«Ունդիանո, մի ասա, թե ինձ վրա աչք չէիր դրել: Դու արդեն տանից ինձ դեղին քարտ ես ցույց տվել»,- Պիկեի խոսքերն է փոխանցում «Deportes Cuatro»-ն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Բարսելոնան» մտադիր է բողոքարկել Պիկեի և հարձակվող Լուիս Սուարեսի` «Լեգանեսի» հետ խաղում ստացած դեղին քարտերը «Վալենսիայի» հետ կայանալիք խաղից առաջ:
Սուարեսը խաղի 52-րդ րոպեին է զգուշացվել դեղին քարտով, քանի որ խանգարել էր մրցակցի դարպասապահին գնդակը մտցնել խաղի մեջ: Ուրուգվայցի ֆուտբոլիստի համար սա երրորդ զգուշացումն էր մրցաշրջանի ընթացքում, ու նա, համենայն դեպս, կկարողանա մասնակցել «Վալենսիայի» հետ խաղին: