Զիմբաբվեի նախագահ Մուգաբեն բոլորին բարի գիշեր է մաղթել հրաժարականի մասին հայտարարելու փոխարեն. BBC
Международные новостиԶիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն իր հեռուստատեսային ուղերձում այդպես էլ չի հայտարարել հրաժարականի մասին՝ ի զարմանս շատերի: Սպասվում էր, որ զինվորականների հետ բանակցությունների արդյունքում Մուգաբեն կհայտարարի իր լիազորությունները կամավոր հանձնելու մասին, հաղորդում է BBC-ն: Ուղերձը տևել է 20 րոպե, բայց բոլորին բարի գիշեր մաղթելով՝ նախագահն այդպես էլ չի ասել, որ հրաժարական է տալիս:
Ավելին, իր ելույթի ընթացքում նա հայտարարել է, որ մտադիր է նախագահել դեկտեմբերին կայանալիք իշխող կուսակցության համագումարը և որ վերջին շաբաթների իրադարձությունները վտանգ չեն ներկայացնում իր լիազորությունների համար:
Ավելի վաղ կիրակի կուսակցությունը հեռացրել էր Ռոբերտ Մուգաբեին առաջնորդի պաշտոնից: Կուսակցության անդամներն իրենց նոր ղեկավար էին ընտրել երկրի 75-ամյա նախկին փոխվարչապետ Էմերսոն Մնանգագվային, ում Մուգաբեն հեռացրել էր երկու շաբաթ առաջ:
Կուսակցությունը նաև որոշել է, որ եթե նախագահն ինքնակամ հրաժարական չներկայացնի մինչև երկուշաբթի կեսօրը, նրա նկատմամբ կսկսվի պաշտոնանկության գործընթաց:
Ավարտելով հեռուստատեսությամբ հեռարձակվող իր ուղերձը, մինչև որի վերջը բոլորը սպասում էին, որ նախագահը կտրվի ճնշումներին և կհայտարարի, որ վայր է դնում իր լիազորությունները, Մուգաբեն ընդամենը ասել է. «Շնորհակալություն, բարի գիշեր»:
Նշենք, որ Զիմբաբվեում չորեքշաբթի զինվորականները ձերբակալել են երկրի նախագահ Ռոբերտ Մուգաբեին և նրա ընտանիքը, ֆինանսների նախարար Իգնասիուս Չոմբոյին, արգելափակել են երկրի մայրաքաղաք Հարարեում կառավարական շենքեր, խորհրդարան և դատարաններ տանող ճանապարհները, ինչպես նաև գրավել են պետական հեռուստառադիոհեռարձակող կորպորացիայի շենքը:
Զինվորականներն ակտիվացել են նրանից հետո, երբ իշխող կուսակցությունը երկրի զինված ուժերի հրամանատար Կոնստանտին Չիվենգին մեղադրել է դավաճանության համար: Վերջինս ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է միջամտել նոյեմբերի 6-ին պաշտոնից հեռացված փոխնախագահ Էմերսոն Մնանգագվայի աջակիցներին պաշտպանելու համար: Մնանգագվան դիտարկվում էր որպես Զիմբաբվեի նախագահի հնարավոր հետևորդ և վայելում էր զինվորականների աջակցությունը: