Վլադիմիր Աբրահամյանի «Հուշապատում» պատկերագիրքը նվիրված է իր հոր և 1949-ին մյուս բռնադատվածների հիշատակին
КультураՎլադիմիր Աբրահամյանի «Հուշապատում» պատկերագիրքը նվիրված է 1949 թ. բռնադատված հոր՝ Սմբատ Աբրահամյանի և 6 երեխաներին միայնակ մեծացրած մոր՝ Սիրանույշ Աբրահամյանի, ինչպես նաև մյուս բռնադատվածների հիշատակին:
Նոյեմբերի 20-ին կայացավ պատկերագրքի շնորհանդեսը և բացվեց հեղինակի 75-ամյակին նվիրված նկարների անհատական ցուցահանդեսը:
«Հուշապատում»-ում իմ ողջ կյանքի պատմությունը ներկայացված է ոչ թե գրավոր, այլ նկարների տեսքով: Նկարները բազմաբնույթ են՝ տարբեր ժանրի և ոճի: Ամեն մի նկարի մեջ մի պատկեր է՝ խաղաղություն, պատերազմ, դժվարություն… Ներկայացված են հիշողություններ, որոնք կապված են իմ 76 տարվա կյանքի հետ»,- ասաց Վլադիմիր Աբրահամյանն ու շնորհակալություն հայտնեց ՀՀ մշակույթի նախարարությանը՝ գրքի հրատարակման մասնակի ֆինանսավորման համար:
Հեղինակը պատկերագիրքը համարում է իր հաշվետվությունը: Դրանում զետեղված են 160 նկարներ, սակայն դրանցից միայն 104-ն են ներկայացված ցուցահանդեսում: Աշխատանքներից շատերն այժմ արտասահմանյան թանգարաններում են:
Ցուցահանդեսը հեղինակի երկրորդ անհատական ցուցահանդեսն է՝ նվիրված իր ծննդյան 75- ամյակին: Ներկայացված են ոչ միայն 20-30 տարի առաջ, այլ նաև 2016-2017 թթ. արված նկարները:
«Նկարիչների միությունում արդեն երկրորդ անգամ է կազմակերպվում Վլադիմիր Աբրահամյանի նկարների ցուցահանդեսը: Ամեն մեկի տրված չէ կարճ ժամանակամիջոցում այսքան աշխատանք կատարել»,-նկատեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: