Իրաքը կարտաքսի ԻՊ ահաբեկիչների 509 օտարերկրացի կանանց ու նրանց 813 երեխաներին
Международные новостиԻրաքի իշխանությունները պատրաստվում են երկրից արտաքսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հանձնված կամ սպանված զինյալների 509 կանանց ու նրանց 813 երեխաներին, այս մասին տեղեկանում ենք BBC-ի թուրքալեզու ծառայությունից:
Հայտնի է, որ 509 կանանցից 300-ը Թուրքիայի քաղաքացիներ են:
Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Իրաքից արտաքսվում են ԻՊ-ականների միայնակ մնացած օտարերկրացի կանայք, որոնք մինչ այդ պահվում էին Բաղդադի ու Մոսուլի մոտակայքում գտնվող հատուկ ճամբարներում:
Սպասվում է, որ այս որոշումից հետո Իրաքի իշխանությունները կնախաձեռնեն նաև արտաքսման երրորդ ալիքը:
Կանանց շրջանում կան նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Տաջիկստանի քաղաքացիներ:
Ամիսներ առաջ հայտնի էր դարձել, որ Մոսուլում դեռևս պահվում են ԻՊ-ի ահաբեկիչների հազարից ավելի կանայք ու երեխաներ, որոնք տեղավորվել են քաղաքի հարավում գտնվող ճամբարներից մեկում և հիմնականում օտարերկրացիներ են: Ականատեսները վկայել են, որ ճամբարում գտնվող կանայք խոսում են թուրքերեն, ռուսերեն և ֆրանսերեն:
Ենթադրվում է, որ այս կանանց ընդհանուր թիվը հասնում է 1400-ի:
Մոսուլն ԻՊ-ի գրոհայինների հսկողության տակ է գտնվել 2014թ.-ից սկսած: Իրաքի կառավարական զորքերը քաղաքի ազատագրման ցամաքային գործողությունները սկսել են 2016թ.-ի հոկտեմբերի 17-ին և ավարտել այն 2017թ.-ի հունիսի վերջին: