Էրդողանը դժգոհել է, որ Ասադն այդպես էլ չկորցրեց իշխանությունը
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի հարցով Սոչիում կայանալիք եռակողմ Ռուսաստան-Իրան-Թուրքիա գագաթնաժողովն անվանել է կարևորագույն իրադարձություն, որը կազդի ոչ միայն Սիրիայի, այլև ամբողջ տարածաշրջանի ապագայի վրա, այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Էրդողանն անկեղծացել ու իր դժգոհությունն է հայտնել այն առիթով, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը այդպես էլ մնաց իր պաշտոնում:
«Ասադի ռեժիմը, սակայն, դեռ իր տեղում է: Իսկ ժողովրդավարություն պահանջող ընդդիմադիրները հավասարեցվել են ահաբեկիչներին: Այս տարածքում ինչի՞ համար այդքան արյուն թափվեց, այդքան մարդ սպանվեց, այդ արյունը ո՞ւմ արյունն էր, մեռնողներն ովքե՞ր էին: Նշանակում է՝ խնդիրը ահաբեկչության դեմ պայքարը չէ, ոչ էլ ժողովրդավարության հաստատումը: Խնդիրն այն է, որ ահաբեկչական կառույցների դեմ պայքարի պատրվակով ոմանք ցանկանում են գծել այս տարածաշրջանի նոր քարտեզն, ինչպես որ անցյալ դարում», - ասել է Էրդողանը:
Ամիսներ առաջ Էրդողանը Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Սիրիայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել նախագահ Բաշար ալ Ասադին իշխանության թողնելու դեպքում: