Գրքի երևանյան փառատոնի ընթացքում եռօրյա «հրավառություն էր». կայացավ փառատոնի փակման արարողությունը
КультураԳրքի երևանյան փառատոնը առաջիկա տարիներին հավակնում է դառնալ տարածաշրջանային, ապա միջազգային։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
Նրա խոսքով՝ այս փառատոնի շրջանակում հրատարակիչ-գրող կապը բավականին ամրապնդվել է։
«Եռօրյա գրքի փառատոնի ընթացքում մենք ունեցանք գրքի և գրահրատարակչության իսկական «հրավառություն»։ Ինչպես պատկերացրել ենք, անգամ՝ ավելին կարողացել ենք ստանալ։ Այս օրերին մեր հանրությունը ոչ միայն տեսավ, թե ինչ գրականություն է հրատարակվում, շփվեց գրողների հետ և ծանոթացավ նրանց ստեղծագործություններին, այլև ամրապնդվեց հրատարակիչ-գրող կապը։
Մենք կարողացանք ստեղծել հանրապետական էքսպո, որը հաջորդ տարիներին մտածում ենք դարձնել տարածաշրջանային և հավակնություն ունենք նաև միջազգային դարձնելու։ Տարին մեկ անգամ գոնե պետք է կարողանանք բոլորին մեկ տեղում հավաքել, խոսել գրքի հրատարակչության, ստեղծագործողների խնդիրներից, նրանց ցանկությունների մասին և փորձել ձեռք մեկնել»,- ընդգծեց նախարարը։
Ամիրյանը մինչև փակման արարողության սկսելը, հասցրել էր երկու գիրք ձեռք բերել և մեկն էլ նվեր ստանալ։ Նվերը մի օրագիր էր, որն, իր կարծիքով, շատ հետաքրքիր լուծում ունի՝ համեմված է տարբեր հեղինակների ստեղծագործություններով։
«Մենք տվյալ գրքի հեղինակի հետ պայմանավորվել ենք, որ 2019 թվականին պետք է նմանատիպ գրքեր թողարկվեն Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի գործերով»,- ասաց ՀՀ մշակույթի նախարարը։
Արմեն Ամիրյանի պնդմամբ՝ ընդհանուր առմամբ ժամանակակից գրականության պակաս կա։
«Դասականն արդեն իր տեղն ու դիրքն ունի, իսկ ժամանակակից գրքերի հետ կապված մենք ունենք PR-ի խնդիր՝ հանրությանը ճիշտ մատուցելու և ներկայացնելու խնդիր ունենք և այսօր փառատոնը «եկել» է այն լուծելու համար»,- շեշտեց նախարարը։