Անգերազանցելի Հովհաննես Սահակյանը
АналитикаԳալուստ Սահակյանին կարող ենք ընդունել կամ մերժել, պարսավել կամ գովերգել, սակայն մի հարցում չենք կարող համաձայն չլինել: Նա անուրանալի վաստակ ունի հայ քաղաքական մտքի դեգրատացման վրա: Այդ վաստակը, նախ և առաջ արտահայտվում է մառազմատիկ մտքեր արտահայտելու բուռն մղումով:
Այս շարքում, նրա ավելի երիտասարդ գործընկերները, փորձում են գերազանցել մեկը մյուսին: Այս անգամ հերթը Հովհաննես Սահակյանինն է: Կայքերից մեկին տված հարցազրույցում, նա համաձայնվում է, որ ՀՀ-ն ժողովրդագրական խնդիրներ ունի: Նա ընդունում է նաև այն տեսակետը, որ երեխայի խնամքի համար տրամադրվող գումարի չափի բարձրացումը կարող է խթանել ծնելիության բարձրացմանը: Միևնույն ժամանակ Հովհաննես Սահակյանը շեշտում է, որ սոցիալական վիճակը շատ մեծ դերակատարում չունի երեխա ունենալու թվաքանակի մեջ: Նրա գնահատմամբ՝ ծնելության խթանման համար պետք է փոփոխություն լինի նաև հանրային գիտակցության մեջ:
Ինչպիսի բովանդակային ու կուռ մտքեր: Ավացիա տիկնայք և պարոնայք, բուռն ավացիա: Պարոնը պնդում է, որ փոփոխություն պետք է լինի հանրային գիտակցության մեջ: Սա նա ասում է մի հասարակության մեջ, որտեղ, ներեցեք սեքսիստական մեջբերման համար, կա հետևյալ միտքը՝ երկու երեխու համար կնիկ զանիտ չեն էնե:
Նա այս պնդումն անում է մի հասարակության մեջ, որտեղ երեք-չորս երեխան ունենալը միշտ արդարացված ու բնական է համարվել: Իսկ հանրային գիտակցությունն այո փոխվել է: Մարդիկ չեն ուզում մշուշոտ ապագա ունեցող երկրում, որի գլխավոր պատասխանատուն մեր գլխավոր հերոսի կուսակցությունն է, երեխաներ ունենալ, որոնք կապրեն այն չարքաշ կյանքը, որով ապրում ենք մենք հիմա: Այո, այստեղ համաձայն ենք, որ պետք է հանրային գիտակցություն փոխել, սակայն միայն ու միայն նյութական հիմքերից ելնելով:
Զաբել Ռուբինյան