Սանկտ Պետերբուրգում կայացել է «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» պաշտոնական փակման արարողությունը
КультураՍանկտ Պետերբուրգի ակադեմիական կապելլայում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի մասնակցությամբ նոյեմբերի 23-ին տեղի է ունեցել «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» պաշտոնական փակման հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը նվիրված էր Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Արարողությանը ելույթներով հանդես եկան ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը և Սանկտ Պետերբուրգի կառավարության մշակույթի կոմիտեի նախագահ Կոնստանտին Սուխենկոն:
Իր ելույթում նախարար Արմեն Ամիրյանը նշեց. «Մշակույթը տարբեր ազգերի փոխհարաբերությունների հենց այն միջազգային լեզուն է, որն ամենաշիտակ և ամենակարճ ճանապարհն է դեպի մարդկանց սրտեր ու հոգիներ: Ես համոզված եմ, որ այս մշակութային օրերից հետո ոչ միայն մշակութային հարաբերությունները կընդլայնվեն, այլ ընդհանրապես երկու ժողովուրդների բարեկամությունը կարող է նոր շունչ ու թափ ստանալ»:
Ողջունելով հյուրերին՝ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը նշեց, որ Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի հրաշալի մարաթոնը նվիրված է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
«Իհարկե, հայ-ռուսական բազմադարյա հարաբերությունների համատեքստում ներկայիս հոբելյանը լավ առիթ է նոր հանդիպումների և շփումների, ինչպես նաև նոր նախագծերի քննարկման համար», - ընդգծեց ՀՀ գլխավոր հյուպատոսը:
Սանկտ Պետերբուրգի կառավարության մշակույթի կոմիտեի նախագահ Կոնստանտին Սուխենկոն ընթերցեց Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի ուղերձը:
«Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» փակման պաշտոնական արարողությանը Սանկտ Պետերբուրգի պետական ակադեմիական կապելլայում եզրափակիչ համերգային ծրագրով հանդես եկան Վահագն Հայրապետյանի ջազային կվինտետը և «Հովեր» պետական կամերային երգչախումբը:
Միջոցառմանը ներկա էին Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի կառավարությունների ներկայացուցիչներ, Սանկտ Պետերբուրգում հավատարմագրված գլխավոր հյուպատոսներ և դիվանագետներ, ռուս մտավորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ»: