Ոստիկանության հերթական բացահայտումը. կառավարիչը բռնվեց կաշառք ստանալիս
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Երեւան քաղաքի վարչության եւ Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում այսօր՝ նոյեմբերի 5-ին, մի քաղաքացի ոստիկանությունում հաղորդում է տվել, որ իրեն պատկանող ՍՊ ընկերությունը սնանկ ճանաչելու համար սնանկության գործով կառավարիչ նշանակված Ա. Իսպիրյանն իրենից որպես կաշառք պահանջել է 700.000 ՀՀ դրամ, ընդ որում, նշված գումարից 350 հազար դրամն ինքը պետք է Իսպիրյանին փոխանցեր նոյեմբերի 5-ին:
Ձեռնարկված համատեղ միջոցառումների շնորհիվ՝ այսօր Երեւանի Հ. Ներսիսյան փողոցում գտնվող Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջեւ քաղաքացուց 350.000 դրամ կաշառքը վերցնելիս Ա. Իսպիրյանը բռնվել եւ բերման է ենթարկվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, որտեղ էլ խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է կաշառք ստացած 350.000 դրամը:
Նախապատրաստված նյութերն ուղարկել են ՀՀ քննչական կոմիտե՝ հետագա ընթացքը լուծելու: