Նորովի, ինտերակտիվ, ժամանակակից լուծումներով. Մայր թատրոնի բեմում «Մեծապատիվ մուրացկանները» ներկայացման պրեմիերա է
КультураՍունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում պրեմիերա է. նոյեմբերի 28-ին Մայր թատրոնի բեմում հանդիսատեսին կներկայացվի Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները»: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը նշեց, որ թատերասերներին ներկայացվում է նորովի, ինտերակտիվ, ժամանակակից լուծումներով ներկայացում:
«Ես անձամբ փորձերին ներկա եմ եղել, հետևել եմ ընթացքին, առանց վախենալու կարող եմ ասել, որ Մայր թատրոնի համար մի նոր շրջափուլ է սկսվում, նոր շնչառություն է բացվում: Այդ ամենի սկիզբն ազդարարվում է այս նոր ներկայացմամբ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վարդան Մկրտչյանն՝ ընդգծելով, որ ամբողջ դերասանական խումբն անկեղծ նվիրումով աշխատել է մինչև վերջ:
Տրապիզոնից Պոլիս է ժամանում մեծահարուստ Աբիսողոմ աղան: Նա ունի կոնկրետ նպատակ՝ ամուսնանալ քաղաքացի կնոջ հետ: Պոլիսի հասարակությունը ցնծության մեջ է, Աբիսողոմ աղան դիտարկվում է որպես փառահեղ պատառ, որից կարելի է փող կորզել:
ՀՀ ժողովրդական արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանի խոսքով, ներկայացման մեջ ընդգրկված են պրոֆեսիոնալ դերասաններ՝ Ալբերտ Սաֆարյան, Հարություն Մովսիսյան, Աննա Էլբակյան, Դավիթ Հակոբյան, Մխիթար Մելքոնյան և այլք:
«Չեմ կարող ասել, թե նրանց հետ շատ հեշտ էր աշխատելը: Եղել են նաև կոնֆլիկտներ, սակայն զուտ ստեղծագործական բնույթի էին: Վստահաբար կարող եմ ասել, որ հանդիսատեսին հետաքրքիր մատուցմամբ ներկայացում է սպասվում: Ես սովորաբար խուսափում եմ ներկայացման մասին խոսել: Շատ ավելի ճիշտ է երբ ներկայացումը բեմում է և ինքն է խոսում: Փորձ է արվել այս ներկայացման մեջ շեշտել այն կարևորը, որը համահունչ է մեր ժամանակին: Այս ստեղծագործության միջոցով փորձել ենք հանդիսատեսին ներկայացնել, բարձրացնել խնդիրներ, որոնք այսօր էլ արդիական են՝ միևնույն ժամանակ օդում թողնելով հարցեր»,-ասաց նա:
Արմեն Էլբակյանը նշեց, որ Հակոբ Պարոնյանի այս ստեղծագործությունը բոլոր ժամանակներում արդիական է: Այս ներկայացումն ուղղված է թե երիտասարդներին, թե մեծերին, բոլոր նրանց, ովքեր սիրում են թատրոնը, թատերախաղը: Ներկայացման երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Ստեփան Լուսիկյանը: Նոտաները պահպանված չեն եղել, սակայն մասնագետները կարողացել են ոչ որակյալ ձայնագրությունից վերծանել այդ երաժշտությունը, որի գործիքավորումը կատարել է Լևոն Խաչատրյանը:
Աբիսողոմ աղայի կերպարը մարմնավորող, դերասան Ալբերտ Սաֆարյանը նկատեց, որ Հակոբ Պարոնյանի ստեղծագործությունը մատուցվում է նորովի, ժամանակի պահանջներին համապատասխան և ուրախ է, որ հնարավորություն է ստացել շփվելու մեծանուն գրողի ստեղծագործության հետ:
«Այնպես չէ, որ երազում էի այս դերը խաղալ, սակայն ուրախ եմ, որ այն ինձ է բաժին ընկել: Հնարավորություն ունեմ խոսելու այդ ցավոտ թեմաներից: Ներկայացումն այն մասին է, թե ակամայից մարդիկ ինչպես են հայտնվում մուրացկանի կարգավիճակում: Ներկայացման մեջ ամենակարևոր շեշտը այն մարդու վրա է դրված, ում ես ներկայացնում եմ: Այստեղ կարևոր չէ մեծապատիվ մուրացկանը խնդրում է փող, պաշտոն, թե փառք»,-ասաց նա:
Մանուկ աղայի կերպարը մարմնավորում է Հարություն Մովսիսյանը: Նա ընդգծեց, որ աշխատել է պրոֆեսիոնալ դերասանների հետ, որոնցից յուրաքանչյուրը ջանք չի խնայել ընդհանուր գործի համար:
«Արմեն Էլբակյանի, Վարդան Մկրտչյանի գալուստը թատրոն բարի լինի: Նրանց գալով՝ թատրոնը լավ օրեր է ապրում: Հպարտ եմ, որ Պարոնյանի նման հեղինակ ունենք: Ներկայացնում ենք այնպիսի ստեղծագործություն, որն արդիական է նաև այսօր: Ես մարմնավորում եմ Մանուկ աղայի կերպարը, այն կարևոր դերերից է, երբ ոչ այնքան գրագետ անձնավորությունը որոշում է ղեկավարել: Արմեն Էլբակյանի հետ գտել ենք այն մոտեցումը, որ հանդիսատեսին տարօրինակ չթվա, հասկանալի լինի»,-ասաց Հարություն Մովսիսյանը:
Վարդան Մկրտչյանը տեղեկացրեց, որ Մայր թատրոնը հանդես է գալու լրացուցիչ նոր նախաձեռնություններով: Առաջիկայում նախատեսվում է թատրոնում նկարչի արվեստանոցի վերանորոգում, այն կդառնա արվեստի բազմաֆունկցիոնալ արվեստի տարածք: