Փոքրիկ քանոնահարուհի Սյուզի Գաբրիելյանը ելույթ կունենա «Կապույտ թռչուն» հեղինակավոր մրցույթի կիսաեզրափակիչում
КультураՏասնամյա քանոնահարուհի Սյուզի Գաբրիելյանը հանդես կգա «Կապույտ թռչուն» երիտասարդ տաղանդների համառուսական մրցույթի կիսաեզրափակիչում: Համերգային ծրագիրը կցուցադրվի դեկտեմբերի 3-ին «Россия-РТР» հեռուստաալիքով, ժամը 19:00-ին:
«Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Սյուզի Գաբրիելյանի մոր` Աննայի հետ:
«Վաղուց ենք դիտում «Կապույտ թռչուն» հեռուստամրցույթը ու շատ ենք հավանում այն: Որոշեցինք մասնակցության հայտ ներկայացնել և ստացվեց: Մրցույթի կիսաեզրափակիչ հասնելու համար մեկ տարի է պահանջվել: Քասթինգի տարբեր փուլերը հաղթահարելու նպատակով այդ ընթացքում պարբերաբար մեկնել ենք Մոսկվա»,-պատմեց Աննան:
Մրցույթի կիսաեզրափակիչի նկարահանումները դեռ շարունակվում են: Ամեն հաղորդման ընթացքում 12 մասնակից է ելույթ ունենում:
Այս եթերաշրջանին մասնակցելու համար երեսուն երկրից 10 000 ներկայացուցիչ են հայտ ներկայացրել, 2000-ը անցել են հաջորդ փուլ: Նրանցից ընտրվել են 300 մասնակից, իսկ 60-ը անցել են կիսաեզրափակիչ:
Սյուզի Գաբրիելյանը սկզբում մասնակցել է որպես անհատ կատարող, սակայն կիսաեզրափակիչում ելույթ է ունենալու խմբով` դհոլահար և դուդուկահար ռուսաստանաբնակ հայ մասնակիցների հետ:
Այս փուլը հնարավոր է հաղթահարել և եզրափակիչ անցնել քվեարկության միջոցով:
Ամեն հաղորդումից հետո հեռուստադիտողները կարող են իրենց ընտրած մասնակցի օգտին քվեարկել PTICA.TV կայքում: Ամեն IP-հասցեից հնարավոր է նույն մասնակցի համար քվեարկել հինգ անգամ:
Մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին:
Աննան ասաց, որ մրցույթը դեռ չի ավարտվել, սակայն իրենք մտածում են նոր նախագծերի հայտ ներկայացնելու մասին:
Սյուզի Գաբրիելյանը քանոնով տարվել է շատ փոքրուց: Նա սովորել է Էջմիածնի հայորդաց տանը, այնուհետև երաժշտական դպրոցում: Մասնակցել է տարբեր միջազգային մրցույթների, հաջողությունների հասել և չի պատրաստվում կանգ առնել: Փոքրիկ քանոնահարուհին հավակնոտ ծրագրեր ունի: