Սեւանի բժշկական կենտրոնի նորակառույց շենքը շահագործման պատրաստ կլինի 2018 թվականի օգոստոսին
ОбществоՍեւան քաղաքի բժշկական կենտրոնի նորակառույց շենքը շահագործման կհանձնվի շինարարական պայմանագրով նախատեսված ժամկետներում՝ 2018 թվականի օգոստոսին:
Ինչպես տեղեկացրեց շինարարական աշխատանքներն իրականացնող «Բեդեքս» ՍՊԸ աշխղեկ Տիգրան Փոքրիկյանը, շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2016 թվականի օգոստոսին, «Համաշխարհային բանկի» կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին: Շինարարության արժեքը կազմում է 880 միլիոն դրամ:
«2017 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ շենքի պատերի եւ տանիքի կառուցումը լրիվ ավարտված է, տեղադրված են լուսամուտները եւ դռների կեսը, ընթանում են ներքին հարդարման աշխատանքներ: Կարելի է ասել, որ նախատեսված աշխատանքների մոտ 70 տոկոսն ավարտվել է, մնացած 30 տոկոսը եւ տարածքի բարեկարգման աշխատանքները ավարտին կհասցնենք շինարարական պայմանագրով նախատեսված ժամկետներում»,-հավաստեց շինարարության աշխղեկը:
Նորակառույց բժշկական կենտրոնը կունենա մոտ 2800 քառակուսի մետր մակերես: Այն բարձրանում է քաղաքի պոլիկլինիկայի շենքին կից տարածքում, որը նույնպես միավորված է նույն ԲԿ կառույցում եւ արդիականացված է պետական ներդրումների հաշվին: