Աշխատանքային խումբը շարունակվում է Մասիսում շրջակա միջավայրի աղտոտման պատճառների ուսումնասիրության և կանխարգելման գործընթացը
ОбществоՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում նոյեմբերի 28-ին գումարվել է միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի ղեկավարությամբ: Աշխատանքային խումբը ձևավորվել է ի կատարումն ՀՀ վարչապետի հոկտեմբերի 26-ի հանձնարարականի:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, որի հաղորդագրության մեջ նաև նշված է. «Օրակարգում դրված էր ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի տարածքում կոյուղագծերում շրջակա միջավայրի աղտոտման պատճառները պարզաբանելու վերաբերյալ կատարած աշխատանքների քննարկումը:
Աշխատանքային խմբի նիստին մասնակցում էին ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ՀՀ բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման, գյուղատնտեսության, առողջապահության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունների, ինչպես նաև՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ աշխատակիցներ:
Միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից ձեռնարկվում են միջոցներ ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի ու հարակից բնակավայրերի ոռոգման և կոյուղու ջրերը խառնվելու, թափոնները ոռոգման ջրատարներ թափվելու դեպքերը վերացնելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, աշխատանքներ են տարվում վերոհիշյալ դեպքերը կանխարգելելու և աղտոտման արդյունքում պատճառված վնասների փոխհատուցման հետ կապված իրավական կարգավորման համար առաջարկություններ ներկայացնելու ուղղությամբ:
Միջգերատեսչական աշխատանքային խումբը վերոնշյալ դեպքերի առնչությամբ առաջարկների վերջնական փաթեթը կմշակի և ՀՀ կառավարության աշխատակազմ կներկայացնի մինչև սույն թվականի դեկտեմբերի 26-ը»: