Տիգրան Պետրոսյանը Ծաղկաձորի բաց մրցաշարի առաջատարներից է
СпортԾաղկաձորում ընթացող շախմատային միջազգային մրցաշարում կայացան 6-րդ տուրի պարտիաները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հերթական տուրում հայ շախմատիստներից հաղթանակ տոնեցին Տիգրան Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը, Արման Փաշիկյանը, Արման Միքայելյանը, Հայկ Վարդանյանը և այլոք: Ռաֆայել Վահանյանը պարտիան ավարտեց ոչ-ոքի:
Այս տուրից հետո առաջատարները 4 շախմատիստներ են՝ Տիգրան Պետրոսյանը, Մարին Բոսիոչիչը, Վիտալի Բերնադկին և Ռինատ Ջումաբաևը: Նրանք ունեն 5-ական միավոր:
Նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 2-ը Հայաստանի շախմատի ակադեմիան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ անցկացնում է «Ծաղկաձոր օփեն» շախմատի միջազգային մրցաշար, որը տեղի է ունենում «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցում: Մրցաշարն անցկացվում է Ա և Բ խմբերով, շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով՝ ՖԻԴԵ-ի շախմատի կանոնների համաձայն: Մրցաշարերում հաղթողի կոչման համար կպայքարեն 17 երկրի շուրջ 160 շախմատիստ, այդ թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր, 23 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 12 000 ԱՄՆ դոլար: Սահմանված են 15 հիմնական և 10 հատուկ մրցանակներ: Ծաղկաձորի բաց մրցաշարին մասնակցում են շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Վրաստանից, Ուզբեկստանից, Լիտվայից, Ֆրանսիայից, Բրազիլիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Իսրայելից, Հնդկաստանից, Չինաստանից, Իրանից և ԱՄՆ-ից: