Հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին համերգ է կազմակերպվել Լեհաստանի Կալիշ քաղաքում
КультураԼեհաստանի Կալիշ քաղաքում, Լեհաստանում ՀՀ դեսպանության և Կալիշի քաղաքապետարանի պատվո հովանու ներքո և Կալիշի Հենրիկ Մելցերայի անվան երաժշտական դպրոցի ուսուցչուհի Հեղինե Մկրտչյանի կազմակերպմամբ նոյեմբերի 27-ին, տեղի ունեցավ հայկական և լեհական դասական երաժշտության համերգ` նվիրված Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Լեհաստանում հայ համայնքին շնորհված հատուկ արտոնության 650-ամյակին: Համերգին ներկա էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Կալիշի քաղաքային խորհրդի նախագահ Անջեյ Պլիխտան, Կալիշի քաղաքապետի տեղակալ Բարբարա Գմերեկը, քաղաքի անվանի մշակութային գործիչներ, լրագրողներ և այլք:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Համերգի ընթացքում մանկական կամերային նվագախմբի, երգչախմբի, երաժշտական դպրոցի սաների և ուսուցիչների կողմից ներկայացվեցին Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, այլ հայ և լեհ կոմպոզիտորների դասական և ժողովրդական ստեղծագործություններ ու մշակումներ:
Համերգի ավարտին ելույթ ունեցավ Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, ով ուրախությամբ նշեց այն փաստը, որ 2017 թվականի ընթացքում նշանավոր հոբելյանների կապակցությամբ միջոցառումներ են տեղի ունենում ոչ միայն Լեհաստանի մայրաքաղաքում, այլև տարբեր քաղաքներում:
Դեսպանը նշեց, որ այս համերգը վկայում է երկու բարեկամ ժողովուրդների համերաշխ բարեկամության և եղբայրության մասին: Դեսպանը հատուկ շնորհակալություն հայտնեց Հեղինե Մկրտչյանին համերգը նախաձեռնելու և կազմակերպելու համար` նշելով, որ նա և Լեհաստանում ապրող բազմաթիվ հայեր իրենց ստեղծագործ նվիրական աշխատանքով դրական մասնակցություն են բերում Լեհաստանի հանրային կյանքին և նպաստում մեր երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը: