Kicker. Հենրիխ Մխիթարյանի վերադարձը «Բորուսիա» իրատեսական չէ
СпортKicker-ն անդրադարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հնարավոր վերադարձին Դորտմունդի «Բորուսիա»: Գերմանական հեղինակավոր պարբերականը Հայաստանի հավաքականի ավագի վերադարձը չի համարում իրատեսական:
«2016-ին Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» ֆինանսական առումով շահավետ էր ինչպես «Բորուսիայի», այնպես էլ ֆուտբոլիստի համար: Սակայն մարզական առումով ամեն բան հարթ չէր հայ ֆուտբոլիստի համար: BBC-ն ընդգծել է, որ Մխիթարյանը երազում է «Բորուսիա» վերադառնալու համար:
3 մրցաշրջան «Բորուսիայում» անցկացնելուց հետո Մխիթարյանը ցանկացավ հեռանալ, իսկ ակումբը նրան վաճառեց 42.5 միլիոն եվրոյով՝ չնայած պայմանագրի ավարտին մնում էր ընդամենը մեկ տարի: Վերջին շրջանում Ժոզե Մոուրինյոն չի վստահում հայ կիսապաշտպանին եւ նրան չի հայտավորում խաղերին: Արդյո՞ք դա նշանակում է, որ Մխիթարյանն ապագա չունի Պրեմյեր լիգայում:
1.5 տարի առաջ Մխիթարյանի հեռանալը «Բորուսիայից» չթողեց ամենալավ հիշողություններ, ինչը նվազեցնում է նրա վերադարձի հավանականությունը Դորտմունդ: Այո, Հենրիխը կարող է արագություն հաղորդել «Բորուսիայի» կիսապաշտպանությանը, նա կատարում է գոլային փոխանցումներ ու խաղում տարբեր դիրքերում: Սակայն՝ հաշվի առնելով, որ նրա աշխատավարձն ու տրանսֆերը մի ամբողջ կարողություն կլինի դորտմունդցիների համար, այդ տրանսֆերը թվում է անիրատեսական»,- գրում է Kicker-ը:
Ավելի վաղ բրիտանական մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ «Բորուսիա», որի կազմում հանդես եկել է 2013-2016 թվականներին: «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 4 խաղերից 3-ին 28-ամյա կիսապաշտպանը չի հայտավորվել, իսկ մեկում դուրս է եկել փոխարինման: