Միշել Տիբոյի «Իդեալական տղամարդը» ներկայացումը կցուցադրվի ռուսական թատրոնում
КультураԴերասանուհի Վերոնիկա Սարոյանի բեմադրությամբ դեկտեմբերի 1-2-ին Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմ կբարձրանա Միշել Տիբոյի «Իդեալական տղամարդը» ներկայացումը:
«Այս պիեսի գլխավոր ասելիքը սերն է, հանուն որի մի շարք խոչընդոտներ են հաղթահարում ներկայացման հերոսները: Վերջում սերը հաղթում է, իսկ տառապանքները մնում են անցյալում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է բեմադրիչը:
Մ. Տիբոյի գործն առաջին անգամ է բեմադրվում Երևանում. «Պատահական գտա այդ ստեղծագործությունը համացանցում, և այն ինձ միանգամից գրավեց: Պիեսի ընթերցման ժամանակ հստակ պատկերացրի ներկայացման տեսարանները, երաժշտությունն ու երգերը, ի դեպ, խոսքերն ինքս եմ գրել, և դիմեցի ռիսկի… սա իմ առաջին լուրջ փորձն է ռեժիսուրայում. մինչ այդ երկու գործ եմ բեմադրել «Մենք հաղթեցինք» և «Ջուլիետ» մոնոներկայացումը»:
Խոսելով ներկայացման մասին՝ Սարոյանն ասաց, որ հետաքրքիր լուծումներ է գտել. «Պետք է ասեմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ ստացվեց երաժշտական ներկայացում: Այն դուր կգա և´ տղամարդկանց, և´ կանանց: Ի դեպ, մեզ մոտ դերասանները կենդանի են երգում. այդպես ավելի տպավորիչ է բեմական խաղը: Մեր ներկայացումն ունի երջանիկ ավարտ»:
Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի առաջատար և երիտասարդ դերասանները: