Ղարիբաշվիլին «դավաճան» և «հավակնոտ արկածախնդիր» է անվանել Ալասանիային
Международные новостиՎրաստանի վարչապետի Իրակլի Ղարիբաշվիլին «դավաճան» և «հավակնոտ արկածախնդիր» է անվանել հանրապետության պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիային, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիան»:
Ղարիբաշվիլին Ալասանիային պաշտոնաթող անելու որոշում է ընդունել նրա այն հայտարարությունից հետո, թե պաշտպանական գերատեսչության դեմ միտումնավոր գրոհ է կատարվում, և որ երկրի արտաքին քաղաքականությունը, մասնավորապես, Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցությունը, սպառնալիքի տակ է:
Ալասանիայից անմիջապես հետո իրենց պաշտոնները թողնելու մասին հայտարարել են արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն և եվրոպական ու եվրատլանտյան ինտեգրացման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին:
«Մեր Վրաստանը-ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որի առաջնորդն Ալասանիան է, հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի կազմից դուրս գալու մասին, որն իշխանության էր եկել 2012 թվականի հոկտեմբերի 1-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ դրանով իսկ կոալիցիային զրկելով խորհրդարանական մեծամասնությունից:
«Այն, ինչ նա արեց, դավաճանություն է 2012 թվականի հոկտեմբերի 1-ի հաղթանակի նկատմամբ, դա վրաց հասարակությանը խաբելու հերթական փորձն է»,- ասել է Ղարիբաշվիլին՝ նոյեմբերի 6-ին ելույթ ունենալով կառավարության նիստում:
Նրա խոսքով՝ Վրաստանը չի վախենում այնպիսի «արկածախնդիր ու հավակնոտ անձնավորություններից, ինչպիսին Ալասանիան է»: «Որքան ավելի շուտ ազատվենք դավաճաններից, այնքան ավելի լավ կլինի վրաց ժողովրդի համար»,- հավելել է վարչապետը: