«Շերեմետևո» օդանավակայանում չեղարկվել է «Աերոֆլոտ»-ի 20 չվերթ
Международные новостиՌուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով արդեն չեղարկել է 20 ավիաչվերթ, որոնք պետք է դեկտեմբերի 2-ին ժամանեին կամ մեկնեին մոսկովյան «Շերեմետևո» օդանավակայանից, ասվում է ավիաընկերության կայքում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ավելի վաղ ընկերությունը հաղորդել է 9 չվերթի չեղարկման մասին։
«Շերեմետևո» օդանավակայանում աշխատանքային սահմանափակումների հետևանքների հետ կապված՝ «Աերոֆլոտ»-ը փոփոխությունններ է մտցնում դեկտեմբերի 2-ի չվացուցակում»,- ասվում է հաղորդագրությունում։
Մասնավորապես՝ չեղարկվել են «Շերեմետևո»-ի և Կրասնոյարսկի, Դոնի Ռոստովի, Միներալնիե Վոդիի, Դյուսելդորֆի, Կրասնոդարի, Մալագայի, Մինսկի, Միլանի, Հռոմի ու Ստամբուլի միջև չվերթները։
Եվս 58 չվերթ հետաձգվել է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուրբաթ երեկոյան ավելի քան 100 չվերթ է հետաձգվել Մոսկվայի օդանավակայաններում՝ օդերևութաբանական կանխատեսումների ֆոնին:
ՌԴ «Հիդրոմետ» ծառայությունը դեկտեմբերի 1-ին եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարել Մոսկվայում՝ կանխատեսվող ձյան տեղումների, մերկասառույցի, քամու և անձրևի պատճառով:
Մասնավորապես նշվում է, որ երեկ՝ տեղի ժամանակով 19.35-ի դրությամբ, 77 չվերթ է հետաձգվել «Շերեմետևո» օդանավակայանում, 21-ը՝ «Դոմոդեդովոյում», որտեղ նաև մեկ չվերթ չեղարկվել է: «Վնուկովոյում» էլ 5 չվերթ հետաձգվել է, ևս երեքը՝ չեղարկվել: