Էրդողանը կուսակիցների առջև բաց չի թողել առիթը հայկական սփյուռքը վատաբանելու համար
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարում ելույթի ժամանակ անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին՝ հերթական անգամ դրանք պայմանավորելով հայկական սփյուռքի գործոնով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, իր կուսակիցների առջև Էրդողանը, անտեսելով հանգամանքը, որ հենց թուրքական կողմն է փակ պահում Հայաստանի հետ սահմանը, հայտարարել է, թե «սփյուռքի ազդեցության տակ Հայաստանը փակել է բարեկամական բոլոր ուղիները Թուրքիայի հետ»:
Որպես Հայաստանի հետ հարաբերություններին հակակշիռ՝ նա օրինակ է բերել Վրաստանը, որը, ըստ Էրդողանի կարծիքի, կամուրջ է ծառայում Թուրքիայի և Արևմուտքի, ինչպես նաև կովկասյան տարածաշրջանի ու Միջին Ասիայի միջև:
«Այս երկու օրինակները շատ իմաստալից են: Մեզ հետ բարեկամություն անողը շահում է, իսկ «քեն քշողը»՝ կորցնում»,- ասել է Թուրքիայի նախագահը: