«100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական մրցույթի հաղթողները կմասնակցեն «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթին
Общество«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, երիտասարդներին ներգրավել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում: Մրցույթի հաղթողները կմասնակցեն նաև «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցափուլին: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը:
«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթն արդեն 3-րդ անգամ է իրականացվում: Նպատակն է նորարարական գաղափարներով օժտված երիտասարդների համար հարթակ ստեղծել գաղափարների իրագործման համար, խթանել գիտատեխնիկական մշակումները, որոնք նպաստ կբերեն տնտեսության զարգացմանը: Նախարարությունը ևս մեկ անգամ սրանով կարևորում է, որ պետական երիտասարդական աջակցման ծրագրի կենտրոնում են նրանք, ովքեր կարող են ինչ-որ բան ստեղծել հասարակության համար»,-ասաց Քարամյանը:
2017 թվականից մրցույթը դարձել է համահայկական. մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդները կամ հեղինակային խմբերը: Սակայն այս տարի սփյուռքից մասնակիցներ չկան: Մրցույթն անցկացվում է երեք անվանակարգերով՝ «Գյուղատնտեսական գիտություններ», «Կենդանի համակարգեր»՝ կենսատեխնոլոգիա, «Ճշգրիտ գիտություններ»՝ մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, ճարտարագիտություն և այլն:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի համապատասխան հանձնարարականի համաձայն՝ ձևավորվել է հանձնաժողով, որն ըստ անվանակարգերի կորոշի հաղթողներին:
Հաղթողների համար նախատեսված է 2 մլն դրամագլուխ՝ արտաբյուջետային միջոցներից: Հաղթող մասնակիցն անձամբ կարող է որոշել՝ գումարը ծախսել գաղափարի իրագործման, թե այլ նպատակի համար:
«Այդ գումարը, իհարկե, բավարար չէ գաղափարի իրագործումը լավագույնս խրախուսելու համար, սակայն սակավ ռեսուրսների պայմաններում մենք այսքանով ենք սահմանափակվել: 2018թ-ի մարտին կկայանա «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային մրցույթ: Եվ Հայաստանի մրցույթի հաղթողները կմասնակցեն այդ մրցափուլին ևս»,- ասաց Քարամյանը: