«Սան Խուան» սուզանավի անհետացման վայրում պայթյուն է կազմակերպվել
Международные новостиԱրգենտինայի ռազմածովային ուժերի անհետացած «Սան Խուան» սուզանավի որոնման գոտում տրոտիլային համարժեքով 100 կգ հզորությամբ փորձնական պայթյուն է կազմակերպվել և պարզվել է, որ սուզանավի անհետացման հետ կապված պայթյունն է՛լ ավելի ուժեղ է եղել, գրում է korrespondent.net-ը։
Նշվում է, որ ռազմական մասնագետները պայթյունն իրականացրել են օվկիանոսւմ՝ 40 մետր խորության վրա՝ պայթյունի ձայնը սուզանավի անհետացման վայրում գրանցված ձայնի հետ համեմատելու համար։
Հիշեցնենք, որ սուզանավի հետ կապը կորել էր նոյեմբերի 15-ից: Հաստատված վերջին կապի ժամանակ «Սան Խուան»-ից հայտնել էին վթարի մասին: Դրանից հետո սկսել է շրջանառվել այն վարկածը, որ սուզանավում կարող էր պայթյուն տեղի ունեցած լինել: Արգենտինայի իշխանությունները որոշել են դադարեցնել նոյեմբերի 15-ին անհետացած «Սան Խուան»-ի 44 հոգանոց անձնակազմի որոնողափրկարարական աշխատանքները:
«Փրկվածներ չեն լինի»,-ասել էր երկրի ռազմածովային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Էնրիկե Բալբին։
Օրերս հաղորդվել էր, որ սուզանավի անձնակազմի հարազատներն ու ընկերները՝ մոտ 300 մարդ, քայլերթ են կազմակերպել Մար դել Պլատա քաղաքում՝ պահանջելով փրկել ծովագնացներին ու երկրի նախագահ Մաուրիսիո Մակրիի ներկայությունը։
Քայլերթը սկսվել է կիրակի առավոտյան երկրի ռազմածովային ուժերի բազայի դարպասների մոտից ու ձգվել մոտ 7 կմ։ Քայլերթի մասնակիցները բացականչել են՝ «Որոնում և փրկություն», «Մենք ցանկանում ենք պատասխան ստանալ», «Հույս և հավատ», «Մի՛ մոռացեք «Սան Խուան» սուզանավի մասին»։
«Նախագահ Մակրին պետք է լինի այստեղ, որովհետև սա է առաջնահերթը, և ոչ G20-ը, այս ամբողջ իրավիճակի հետևում կանգնած է 44 ընտանիք, և ինչ որ մեկը պետք է ստանձնի այս ամենի պատասխանատվությունը»,- ասել է կորած ծովագնացներից մեկի կինը։