Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռումինիայում ՀՀ նորանշանակ դեսպանին
ОбществоՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում դեկտեմբերի 4-ին ընդունեց Ռումինիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանին: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հանդիպմանը Նորին Սրբությունը շնորհավորեց դեսպանին նշանակման առիթով՝ մաղթելով արդյունավետ գործունեություն ի նպաստ Հայաստանի և Ռումինիայի միջև բարեկամական հարաբերությունների ու գործակցության առավել ամրապնդման:
Վեհափառ Հայրապետն անդրադարձ կատարեց դեռևս վաղ միջնադարից ձևավորված հայ-ռումինական սերտ կապերին, ինչպես նաև հայ համայնքի պատմական կարևոր դերակատարությանը Ռումինիայի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում` նշելով, որ շնորհիվ գովարժան իր վաստակի ռումինահայությունն այսօր վայելում է երկրի իշխանությունների հարգանքը:
Զրույցի ընթացքում պրն. Մինասյանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին օրհնության և բարեմաղթանքերի համար՝ հավաստիացնելով, որ իբրև դեսպան պիտի իր ջանքերը ներդնի հայ-ռումինական հարաբերությունների ամրապնդման համար: Նորանշանակ դեսպանը իր առաքելության մեջ կարևորեց գործակցությունը Ռումինիայի հայոց թեմի և ազգային հաստատությունների հետ:
Խոսվեց նաև Հայաստանյայց Առաքելական և Ռումին Ուղղափառ Եկեղեցիների ջերմ հարաբերությունների մասին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: