Գալա համերգով կամփոփվի Խաչատրյանի հինգերորդ հոբելյանական միջազգային փառատոնը
КультураԵրևանում դեկտեմբերի 11-ին գալա համերգով կամփոփվի Խաչատրյանի հինգերորդ հոբելյանական միջազգային փառատոնը։ Փակման գալա համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կկատարի Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի Երկրորդ՝ «Զանգերով սիմֆոնիան»: Երեկոն ուղիղ եթերում կհեռարձակի աշխարհի առաջատար դասական երաժշտական ալիքը՝ MEDICI.TV-ին։
Երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենաերիտասարդ փառատոնը հաստատում է հարուստ երաժշտական անցյալով ու ներկայով ապրող մեր երկրի տեղը համաշխարհային առաջնակարգ հարթակներում:
«Երկու ամսվա ընթացքում քսան համերգներից յուրաքանչյուրը գեղարվեստական, կատարողական, կազմակերպչական ասպարեզներում խտացված կերպով ներկայացնում էր հայրենական մշակույթի ներուժը՝ դառնալով մշակույթի կենտրոնացման, նաև փոխազդեցություններ, նոր գաղափարներ, հայացքներ ստեղծելու միջոց: 2017-ը բովանդակում էր երիտասարդ տաղանդավոր երաժիշտների նոր անուններ` Գլորիա Կամպաներ, Դևիդ Նեբել, Մարկ Բուշկով, Վլադիմիր Բայկով, Դմիտրի Բոքոլոշվիլի, Տրիոն՝ Մալթայից, հայ և միջազգային երաժշտական կյանքում հայտնի ու միշտ սպասված կատարողներ` Ալեքսանդր Ռոմանովսկի, Հայկ Մելիքյան, Մամիկոն Նահապետով, Դանիել Երաժիշտ, Արմեն Հյուսնունց, Վահագն Հայրապետյան»,- ասաց երաժշտագետը:
Ըստ Օլյա Նուրիջանյանի՝ փառատոնը գտել է սիմֆոնիկ, կամերային՝ գործիքային, խմբերգային տարբեր ժանրերի, հեռավոր ժամանակների՝ հայ և եվրոպական միջնադարից մինչև մեր օրերի կոմպոզիտորական արվեստի, երաժշտության մի քանի տեսակների (ջազ, ռոք, էթնիկ, World music) մեկտեղման եզրեր, և ունկնդիրն ուներ սրտակից համերգ ընտրելու մեծ հնարավորություն:
«Անշուշտ, երաժշտության դասական ավանդույթները ներկայացնելու տարբեր միջոցների որոնումը նպաստում է երկրում բարենպաստ հոգևոր-բարոյական մթնոլորտ ստեղծելուն: Բավական է հիշել Ջոն Մալկովիչի համերգ-ներկայացման տպավորությունը: Իսկ Սերժ Թանկյանի միշտ որոտագոչ ձայնը սիմֆոնիկ նվագախմբի լեզվով առանձնահատուկ ազնվականություն ստացավ: Հիշենք պրեմիերաները. մի ամբողջ երեկո հնչեցին հայ կոմպոզիտորների կամերային նոր ստեղծագործությունները, ինչպիսի թարմությամբ ու արդիական էր Դմիտրի Շոստակովիչի 13-րդ սիմֆոնիայի ընթերցումը, ինչքան բազմերանգ ներկայացավ Իգոր Ստրավինսկու «Հրեղեն հավքը», ինչպիսի խրոխտ ծնունդ ապրեց «Հովեր» երգչախմբի իգական կազմը, և ինչքան լիացավ «Նաղաշ» անսամբլի գունապնակը, երբ համաշխարհային պրեմիերայի կատարմանը նրան միացավ Հայաստանի պետական նվագախմբի լարային կազմը»,- ասաց Օլյա Նուրիջանյանը՝ հավելելով, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի գործունեությամբ կյանք ստացած Խաչատրյանական 5-րդ միջազգային փառատոնը ազգային հպարտության ցուցանիշ է և Հայաստանի միջազգային հեղինակության հաստատման շատ ամուր, հուսադրող աստիճան:
Խաչատրյանական 5-րդ փառատոնը նվիրված էր Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին և երեք երեկո անցկացվեց Հայաստանի Ազգային պատկերասրահում: Յուրաքանչյուր համերգի ծրագիր առիթ էր անցնել Այվազավսկու կյանքի ու ստեղծագործության առանձին էջերով, որոնք էին ռուսական, թբիլիսյան, իտալական ճանապարհորդությունները, այցելությունները Մալթա, Ղրիմում համերգային ավանդույթի, թանգարանային մշակույթի ու կրթական գործի ստեղծումը, բարեգործությունն ու հայրենասիրությունը: