Պետք է ամուր հիմքեր ստեղծենք տնտեսական առաջընթացի և բարեկեցության համար. Արա Բաբլոյանը՝ ՀՀ 2018 թ. պետբյուջեի նախագծի մասին
ЭкономикаԱզգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները ևս մեկ առիթ է համարում առկա խնդիրների և մարտահրավերների և դրանց հաղթահարման, լուծումների մասին խոսելու համար: Ազգային ժողովում ՀՀ 2018 թ. պետական բյուջեի քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահն ընդգծեց, թե իրենք շատ լավ գիտակցում են, որ դանդաղելու ժամանակ չունեն, ուստի անհրաժեշտ է լինել ավելի հետևողական ու սկզբունքային:
«Մենք իրավունք չունենք հանգիստ շունչ քաշել՝ մխիթարվելով, թե միջազգային ֆինանսական ճգնաժամն այլևս հետևում է, թե մենք զսպել ենք դրա հնարավոր բարդ հետևանքները, թե աշխարհաքաղաքական այս կամ այն թնջուկը հանգուցալուծվում է և այլն: Պետք է ամուր հիմքեր ստեղծենք տնտեսական առաջընթացի, բարեկեցության և լավատեսության համար»,- նշեց Բաբլոյանը:
ՀՀ ԱԺ նախագահը շեշտեց, որ երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը հստակ ասում է. «Եկեք ինքներս ազնիվ լինենք մեր առջև և ընդունենք, որ այս պահին այսքանն է մեր հնարավորությունների սահմանը», սակայն նաև ասում է, թե մեր ունեցածը պետք է այնպես ծախսենք, որ հաջորդ տարիներին կարողանանք ասել՝ ինքներս ենք մեծացրել մեր ուժերի սահմանները:
«Ես կարող եմ ասել, որ 2018 թ. պետական բյուջեի նախագիծը ինձ միաժամանակ և՛ ոգևորում է, և՛ ինչ-որ չափով անհանգստացնում: Ոգևորում է, քանի որ տեսնում եմ պետական բյուջեի աճ, տնտեսական վերելքի միտված հստակ ծրագիր, տեսնում եմ պաշտպանության ոլորտի ամրացման բացահայտ կամք, տեսնում եմ իրերը իրենց անունով կոչելու և վարդագույն ակնոցների չապավինելու ձեռագիր: Այս ամենը ինձ ոգևորում է: Սակայն ես նաև տեսնում եմ, որ նախագիծը պակաս առատաձեռն է սոցիալական ոլորտի, կրթության և առողջապահության հանդեպ»,- ասաց Բաբլոյանը:
Նա հավելեց, թե շատ լավ գիտակցում է, որ այն, ինչ այսօր անում են, առաջիկա տարիներին մեծացնելու է հնարավորությունները նույն առողջապահության, կրթության և սոցիալական ոլորտներում, բայց ընդգծեց, որ հետագայում հարկավոր է ավելի լրջորեն աշխատել այս ոլորտների ֆինանսավորումը առնվազն չնվազեցնելու և ավելացնելու ուղղությամբ:
«Առողջապահությունն այն ոլորտն է, որտեղ այսօր կորցրածը վաղը շատ դժվար կլինի ետ բերել: Այս ոլորտում բարեփոխումները և օպտիմալացումը, որոնց նպատակը բյուջեն ավելի խնայողաբար օգտագործելն է, չպետք է բացասական ազդեցություն ունենան ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների վրա: Այդուհանդերձ, ուրախ եմ, որ, գիտակցելով, որ ֆինանսների կրճատումը կարող է բացասական ազդեցություն ունենալ թե քաղաքացիների առողջության, թե առողջապահական համակարգի վրա, կառավարությունը կարողացել է գտնել խնդիրները կարգավորելու ճանապարհ: Արդյունքում նախագծի վերջնական տարբերակում էականորեն՝ 4 միլիարդ դրամով ավելացվել է առողջապահական ոլորտի ֆինանսավորումը՝ նախնական տարբերակի համեմատ»,- ընդգծեց Բաբլոյանը:
Եզրափակելով խոսքը՝ ՀՀ ԱԺ նախագահը կոչ արեց կողմ քվեարկել ՀՀ 2018 թ. պետական բյուջեի նախագծին: