Հռոմի պապը կոչ է արել ԱՄՆ-ին չտեղափոխել իր դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ
Международные новостиՀռոմի պապ Ֆրանցիսկոսը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի սպասվող որոշման առնչությամբ, որի համաձայն ԱՄՆ դեսպանատունը կարող է Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխվել, և կոչ է արել պահպանել ստատուս-քվոն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Չեմ կարող թաքցնել իմ խորը մտահոգությունը վերջին օրերին ստեղծված իրավիճակի կապակցությամբ և միևնույն ժամանակ չդիմել քաղաքի ստատուս-քվոն ՄԱԿ-ի բազմաթիվ բանաձևերի համաձայն պահպանելու տխուր կոչով»,- ասել է Հռոմի պապը:
Նրա խոսքով՝ Երուսաղեմը «բացառիկ քաղաք է մնում, որը սրբազան է հրեաների, քրիստոնյաների և մահմեդականների համար»:
Հռոմի պապը հույս է հայտնել, որ Երուսաղեմի հարցում «կգերակայեն խոհեմությունը և համբերատարությունը՝ բազմաթիվ դաժան հակամարտություններից ջղաձգվող միջազգային համայնապատկերում նոր վեճերից խուսափելու համար»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ, որի ընթացքում գործընկերոջը հայտնել է, որ մտադիր է Իսրայելում ԱՄՆ դեսպանությունը տեղափոխել Երուսաղեմ:
Օրեր առաջ հաղորդվել էր, որ Թրամփը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցով որոշման մասին կհայտարարի այսօր՝ չորեքշաբթի:
Այս կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք կարող է Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների խզմանը հանգեցնել: