Սեւանցի թաեքվանդոիստները Վրաստանի մայրաքաղաքից վերադարձել են մրցանակներով
СпортՍեւանցի թաեքվանդոիստներ Դավիթ Թորոսյանը եւ Էդվարդ Միրզոյանը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած թաեքվանդոյի միջազգային մրցաշարից վերադարձել են հաղթանակներով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սեւանի քաղաքապետի խորհրդական Արմինե Ղուկասյանը, վերջերս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած «Թբիլիսի օփեն» թաեքվոնդոյի միջազգային մրցաշարին մասնակցող ՀՀ երիտասարդական հավաքականի կազմում ընդգրկված սեւանցի երկու մարզիկները ցուցադրել են գրագետ եւ աչքի ընկնող մարտեր: «ՀՀ հավաքականը Թբիլիսի էր մեկնել ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանի գլխավորությամբ: 15-ամյա թաեքվոնդոիստ Դավիթ Թորոսյանը մասնակցում էր 55 կգ քաշային կարգում: Երիտասարդ մարզիկն առաջին մենամարտն անցկացրել է վրացի մարզիկի հետ, նրա 2-րդ մրցակիցը եղել է ադրբեջանցի, 3-րդը` կրկին վրացի, իսկ եզրափակիչում մենամարտել է ՀՀ հավաքականի անդամ, Գյումրին ներկայացնող սանի հետ: Դավիթը բոլոր մրցամարտերն ավարտել է հաղթանակներով: Ի դեպ, նա երիտասարդների տարիքային խմբում Հայաստանից միակն էր, որ դարձել է ոսկե մեդալակիր: Նրա հետ պատվո հարթակին կանգնել է նաեւ գյումրեցի մարզիկը` զբաղեցնելով 2-րդ մրցանակային տեղը: Սեւանցի մյուս թաեքվոնդոիստը` 15-ամյա Էդվարդ Միրզոյանը, մրցել է 51 կգ քաշային կարգում: Այս մարզիկի 1-ին մենամարտը եղել է ադրբեջանցու հետ: Իր քաշային կարգում էդվարդը գրավել է 3-րդ մրցանակային տեղը: Մարզիչ Խաչիկ Թորոսյանի փոխանցմամբ` սա Էդվարդի համար առաջին միջազգային առաջնությունն էր, իսկ արդյունքն էլ՝ գոհացնող: Պատասխանատու մրցաշարից վերադարձած մարզիկները պատրաստվում են նոր առաջնությունների»,- պատմեց Արմինե Ղուկասյանը:
Խոսրով Խլղաթյան