Թրամփը հարիչի դեր է կատարում և անհանգստություն սփռում տարածաշրջանում. Էրդողանը դատապարտել է ԱՄՆ նախագահի որոշումը
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
Ինչպես արդեն հայտնել է Tert.am-ը, Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ՝ Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք և հաստատելով ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ծրագիրը:
«Ես շարունակում եմ հեռախոսազրույցներ ունենալ Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի հայտարարության առնչությամբ, և ոչ միայն իսլամական, այլ նաև արևմտյան երկրների ղեկավարների ու Հռոմի պապի հետ: Այս մասին կխոսեմ նաև (ՌԴ նախագահ) պարոն Պուտինի հետ: Քանի որ այս թեման վերաբերում է ոչ միայն մահմեդականներին, այլ նաև բոլորին», - ասել է Էրդողանը՝ Հունաստան պաշտոնական այցից առաջ ելույթ ունենալով Անկարայի օդանավակայանում:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ն «ոտնատակ է արել Երուսաղեմի վերաբերյալ ՄԱԿ-ի՝ 1980 թվականի որոշումը, որը դեռ ոչ ոք չէր խախտել»:
«Անհնար է հասկանալ՝ ինչ է Թրամփը ցանկացել ասել այս որոշմամբ: Այժմ նա հարիչի դեր է կատարում և անհանգստություն տարածում ամբողջ տարածաշրջանում: Երուսաղեմը սրբավայր է մահմեդականների, քրիստոնյաների, հրեաների համար: Այս քայլը՝ մանավանդ այս տարածաշրջանի համար, նման է վառվող լուցկու: Առաջնորդները պետք է ոչ թե հակամարտությունները սրեն, այլ խաղաղություն հաստատեն: Եթե Թրամփը կարծում է, որ ինքն այդքան ուժեղ է և դրանով ճիշտ, ապա նա սխալվում է: Ուժեղ լինելը չի նշանակում ճիշտ լինել», - ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Էրդողանը սպառնացել է խզել դիվանագիտական հարաբերություններն Իսրայելի հետ: