2018թ-ի ամենասպասված իրադարձությունը Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելն է. Տիգրան Սարգսյանն ամփոփել է տարին
ЭкономикаԵվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանն ամփոփել է 2017թ-ի արդյունքներն ու անդրադարձել հաջորդ տարվա կարևորագույն իրադարձություններին:
Ինչպես տեղեկացրին ԵՏՀ լրատվական ծառայությունից, ամերիկացի և եվրոպացի գործարար շրջանակների հետ ավանդական հանդիպման ընթացքում իր ելույթում Սարգսյանը փաստել է, որ 2017թ-ին ԵԱՏՄ տնտեսության իրական հատվածի շատ ոլորտներ, առևտուրն ու տրանսպորտը ցուցանիշների աճ են արձանագրել:
«Ընդունվել են որոշումներ, որոնք նպաստել են ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների խորացմանը, սակայն մենք դեռ շատ վճռական քայլեր պետք է կատարենք, որպեսզի ամբողջապես աշխատեն ԵԱՏՄ մասին Պայմանագրում ֆիքսված չորս ազատությունները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Տարվա կարևորագույն արդյունք, ինչպես նաև 2018-ի ամենասպասված իրադարձություն ԵՏՀ Կոլեգիայի նախագահն անվանել է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի ուժի մեջ մտնելը:
«Մենք շատ ժամանակ և ջանք ենք ծախսել այն նախապատրաստելու համար: Ես շնորհակալ եմ անդամ երկրների նախագահներին և կառավարությունների ղեկավարներին, ովքեր շատ ժամանակ և ուշադրություն էին հատկացնում օրենսգրքի առանցքային սահմանումներին: Ոչ պակաս կարևոր է այն, որ փաստաթուղթը մշակվել է բիզնես-համայնքի հետ համատեղ, որի դիրքորոշումը ևս հաշվի է առնվել: Փաստացի, դա հնարավորությունների օրենսգիրք է՝ ամբողջությամբ ուղղորդված դեպի էլեկտրոնային տեխնոլոգիաներ: Այստեղ ներդրված է պետության ու բիզնեսի փոխգործակցության և տվյալների փոխանակման բոլորովին նոր տրամաբանություն»,- հավելել է Տիգրան Սարգսյանը: