Կարեն Կարապետյանն արձագանքեց մամուլում բարձրացված հավի մսի ներմուծման խնդրին
ЭкономикаՎարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում արտահանվող և ներմուծվող սննդամթերքի փորձաքննության կարգի հստակեցման վերաբերյալ հանձնարարական տվեց:
«Սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվող վարչարարության շահառուների մեծ զանգվածը՝ գործարար միջավայրի ներկայացուցիչներն են։
Այդ տեսանկյունից անհրաժեշտ է, որպեսզի արտահանվող կամ ներմուծվող ապրանքների թույլտվության տրամադրումը, փորձաքննության ներկայացվող պահանջները և կարգը լինեն հստակ և կանխատեսելի։ Ներկայումս գործող կառավարության մի շարք որոշումներով սահմանված սննդամթերքի փորձաքննության անցկացման կարգերում, չնայած կատարված աշխատանքներին, դեռևս ամբողջությամբ չեն տեղայնացվել միջազգային նորմերը՝ օրինակ առավել մեծ ռիսկայնության աստիճանի սննդամթերքի որոշման կարգավորումները և դրանից բխող հետևանքները և այլն։ Արդյունքում գործարարների մոտ օբյեկտիվորեն կարող է առաջանալ տարընկալում՝ մասնավորապես սննդամթերքի ներմուծման և արտահանման վարչարարության դեպքերում»,- ասաց վարչապետը:։
Ելնելով վերոնշյալից՝ կառավարության ղեկավարը Սննդի անվտանգության պետական ծառայության պետին և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարեց մինչ տարեվերջ համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել սննդամթերքի արտահանման և ներմուծման դեպքերում պահանջվող փաստաթղթերի, փորձաքննության կարգի հստակեցման, միջազգային նորմերի տեղայնացման՝ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ։ «Մանավանդ, որ վերջերս մամուլում տեղ են գտել հավի մսի ներմուծման հետ կապված որոշ խնդիրների մասին նյութեր»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը: