Մխիթարյան միաբանությունը դժվարին պայմաններում անգամ կարողանում է Եվրոպայում լինել հայ մտավորականության սերուցքը
ОбществоԱմեն հայ պետք է իմանա հայ մշակույթի, պատմության մեջ Մխիթարյան միաբանության կատարած ներդրման մասին: Դեկտեմբերի 8-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակին նվիրված դասախոսությանն այս մասին ասաց ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտաշխատող Մարիաննա Տիգրանյանը:
«Մխիթարյան միաբանությունը գիտությունների մեր առաջին ակադեմիան է: Այն, ինչ Մխիթարյանները թողել են, ցանկացած հայի հարստությունն է, որի մասին յուրաքանչյուր հայ պետք է իմանա: Խորհրդային տարիներին այդ ինֆորմացիան փակ է եղել»,-ասաց Տիգրանյանը: Նա ներկայացրեց «Ղևոնդ Ալիշանը Հայկազուն սրբերի հետքերով» զեկույցը:
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ Լուսինե Սահակյանի կարծիքով՝ միաբանության երևելի հայրերը եվրոպական չափանիշների են հասցրել հայոց մշակույթը, հսկայական ներդրում ունեցել նաև եվրոպական մշակույթի մեջ: Նա հանդես եկավ «Կոմիտասը և Մխիթարյան միաբանությունը» խորագիրը կրող զեկույցով:
«Դժվարին պայմաններում նույնիսկ Մխիթարյան միաբանությունը կարողանում է լինել հայ մտավորականության սերուցքը և խորհրդանիշը Եվրոպայում: Այս միաբանություն են հաճախել ոչ միայն հայ, այլ նաև եվրոպացի անվանի մտավորականներ: Այն գրավել է իր 36 օտար լեզուներով գրքերով, տպարանով, մատենադարանով, թանգարանով»,-ասաց Սահակյանը:
Նրա խոսքով՝ մենք շատ տեղեկատվություն դեռ չգիտենք Մխիթարյան միաբանության թողած հաստատության մասին: Աշխարհում առաջին ճապոներեն-գերմաներեն բառարանը հրատարակվել է միաբանությունում 1865 թվականին:
«Եվ այս հաստատությունը չէր կարող չհետաքրքրել Կոմիտասին: Դեռ Գևորգյան ճեմարանում ուսանելու տարիներից նա քաջ ծանոթ է եղել միաբանությանը»,-նշեց Լուսինե Սահակյանը: