«Ոսկե Ծիրան» և «Արտավազդ» փառատոնները կանցկացվեն նաև Գորիսում. ԱՊՀ տարածքում 2018-ի մշակութային մայրաքաղաք է հայտարարվել Գորիսը
КультураՍյունիքի մարզի Գորիս քաղաքը 2018 թվականին հռչակվել է Անկախ Պետությունների Համագործակցության մշակութային մայրաքաղաք։
Ծրագրի մեկնարկը տրվելու է հունիս ամսվա վերջին, այդ ժամանակ տեղի կունենա Գորիսի՝ մշակութային մայրաքաղաքի տիտղոսը քաղաքին փոխանցելու պաշտոնական արարողությունը։
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա շատ նշանակալի իրադարձություն է ԱՊՀ տարածքում։
«Կարծում եմ՝ անելիքները շատ են և՛ Գորիսի ղեկավարության կողմից, և՛ Մշակույթի նախարարության։ 2018 թվականի ընթացքում մենք բավականին մեծ և լայնածավալ միջոցառումներ ենք իրականացնելու Գորիսում, որոնց ներկա են լինելու ԱՊՀ երկրներից մտավորականներ, մշակույթի գործիչներ։ Նախարարության և Գորիսի քաղաքապետարանի կողմից արդեն իսկ նախապատրաստական մի շարք աշխատանքներ են իրականացվել՝ մասնավորապես հաստատվել է քաղաքի խորհրդանիշը»,- ընդգծեց նախարարի տեղակալը։
2017 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ Գորիսի համայնքապետարանում կայացած նիստի ընթացքում մրցույթի հանձնաժողովը քննարկել է ներկայացված աշխատանքները։ Բաց քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել մրցույթի մասնակից Էդուարդ Քանքանյանի աշխատանքը։
Ընտրվել է այն լոգոտիպը, որտեղ ներառված է Գորիսի պատմամշակութային ժառանգությունից մի հատված՝ քարանձավներ, Գորիսի կարմիր տանիքները, յուրօրինակ պատուհանները, կա նաև ԱՊՀ լոգոտիպը և զանգակ, որը խորհրդանշում է Գորիսի մշակութային մայրաքաղաք հռչակելու գաղափարը։
Արթուր Պողոսյանը նշեց, որ ծրագրերը ֆինանսավորվելու են և՛ պետական բյուջեից, և՛ ԱՊՀ հումանիտար ֆոնդից։
«Առաջիկայում Մշակույթի նախարարության և Գորիսի քաղաքապետարանի համատեղ պատվիրակությունը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մտավորականության 12-րդ ֆորումին։ Այնտեղ մենք մանրամասն կներկայացնենք ծրագրի նախնական տարբերակը, լինելու է մեծ շնորհանդես և համաժողովի մեկ ամբողջ նիստ նվիրված է լինելու Գորիսին»,- ասաց ՀՀ մշակույթի փոխնախարարը։
Կազմակերպչական հարցերի վերաբերյալ Պետրոսյանը նշեց, որ ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով՝ փոխվարչապետի գլխավորությամբ։ Նա տարվա ընթացքում պետք է գլխավորի բոլոր միջոցառումները։
Տարվա ընթացքում նախատեսվում է անցկացնել 50-ից ավելի միջոցառում։
«Տարվա ընթացքում անցկացվող փառատոնների մի մասը ցանկանում ենք իրականացնել Գորիսում։ Արդեն նախնական համաձայնություն կա «Ոսկե Ծիրան»-ի, «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության, ինչպես նաև մի շարք այլ փառատոնային ծրագրերի հետ»,- տեղեկացրեց նա։
«Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի կանոնակարգի համաձայն Հայաստանի Հանրապետությունը 2016 թվականի դեկտեմբերի 5-ին ԱՊՀ գործադիր կոմիտե է ներկայացրել առաջարկություն՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքը 2018 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հայտարարելու վերաբերյալ։ 2017 թվականի հոկտեմբերի 11-ին այն հաստատվել է ԱՊՀ երկրների պետությունների ղեկավարների կողմից՝ Սոչիում կայացած խորհրդի նիստի ժամանակ։
2013 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է հայտարարվել Գյումրի քաղաքը։