Պոռնկության շահագործման 4 դեպքում շահագործումն իրականացվել է ԱՄԷ-ում, 2-ը՝ Թուրքիայում, իսկ 6-ը՝ ՀՀ-ում
Թրաֆիքինգն այն ոլորտն է, որի դեմ պայքարի շուրջ համախմբված են բոլոր պետությունները և միջազգային կառույցները, իսկ միակ նպատակը շահագործման զոհ դարձած անձանց աջակցելն ու այդ երևույթի կանխումն է:
«ՀՀ-ում 2013 թ. և 2014 թվականի 9-ը ամսվա ընթացքում հարուցվել է 18 քրեական գործ, որոնցով ընդհանուր բացահայտվել է 22 հանցագործության դեպք, դրանցից տասը վերաբերել են կազմակերպված հանցավոր խմբի կողմից կատարված հանցագործություններին: Հարուցված 18 գործից 9-ը վերաբերել են չափահաս կանանց, իսկ 3-ն անչափահասների պոռնկության շահագործմանը, 4-ը՝ մուրացկանության մեջ ներգրավելու միջոցով: 1 դեպք վերաբերել է ՌԴ-ում աշխատանքային շահագործմանը և ևս 1 դեպք մարդու օրգանները կամ հյուսվածքները վերցնելուն: Պոռնկության շահագործման 12 գործից 4-ով շահագործումն իրականացվել է ԱՄԷ-ում, 2-ը՝ Թուրքիայում, իսկ 6-ը՝ ՀՀ-ում:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
Վերջինիս խոսքով՝ ընդհանուր քննարկվող ժամանակահատվածում հայտնաբերվել և տուժող է ճանաչվել 28 անձ, որոնցից 13-ը եղել են չափահաս կանայք, 2-ը չափահաս տղամարդիկ, իսկ իգական սեռի 7 և արական սեռի 6 զոհ հանցագործությունը կատարելու ընթացքում եղել են անչափահասներ:
Տիգրան Պետրոսյանը նշեց, որ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարը Հայաստանի համար շարունակում է մնալ առաջնահերթ խնդիրներ, բայց և այնպես կարծում է՝ թրաֆիքինգի դեմ պայքարում Հայաստանը բավականին լուրջ առաջընթաց է գրանցել: