Կոմֆորտ «ընդդիմությունը»
АналитикаԴեռ նախորդ գումարման խորհրդարանում, այժմ «Ելք» խմբակցության պատգամավոր, իսկ այն ժամանակ ՀԱԿ ցուցակով պատգամավոր դարձած Նիկոլ Փաշինյանը ստորագրահավաք էր կազմակերպում, որն ուղղված էր Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու և հրաժարականի գործընթաց սկսելուն: Պարզից էլ պարզ էր, որ բացարձակ մեծամասնություն ունեցող հհկական խորհրդարանում, այդ քայլը որևէ հեռանկար չուներ: Այն ի սկզբանե պոպուլիստական էր և Նիկոլը կիրառում էր հնարք: Քայլն իհարկե չուղղվեց իշխանության դեմ, այլ ուղղվեց իրական ընդդիմադիր թևի դեմ, թե տեսեք՝ ես ուզում եմ հեռացնել Սերժ Սարգսյանին, բայց իրենք չեն ուզում:
Թվում էր թե, ցանկացած չափահաս մարդու մոտ սա կարող է միայն ծիծաղ առաջացնել, բայց արի ու տես, որ հայաստանյան հասարակության մի ստված զանգված, այս տրամաբանության մեջ չի տեղավորվում: Այլապես ինչպե՞ս կբացատրենք «Ելք» -ի հայտնվելն այս խորհրդարանում: Իհարկե կան նաև երկու գործոն ևս: Նիկոլը պառակտեց ՀԱԿ-ը, ասել է թե՝ ական էր ներսից, և հայտարարեց, որ 2015 թվականի Սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ են ու այս կերպ ծառայություն մատուցեց Սերժ Սարգսյանին:
Այդ փուլում, արդեն պարզ է, որ Սերժ Սարգսյանը գնում է վարչապետ: Հիմա, այդ փաստի առաջ «Ելք» դաշինքը կրակն է ընկել: Բնական է, որ իրեն ընտրող զանգվածը, համարել է, որ նրանք արմատական ընդդիմադիրներ են և հիմա պահանջելու են, որպեսզի թույլ չտան Հայաստանը դարձնել տոտալ դիկտատուրա: Սակայն ակնհայտ է, որ նրանք ոչինչ չեն կարողանալու անել: Այս առումով, անհաջող խուսանավում է Արամ Սարգսյանը: Նա ի մասնավորի նշում է. «Ինքը պատկերացնում էր եւ հայտարարել է սահմանադրական հանրաքվեից առաջ իր պատկերացումների մասին, որ վարչապետ չի դառնալու, ինչը ինձ դզում էր: Հիմա որ չի պատկերացնում, ես դա կապում եմ Եվրասիական տնտեսական միության հետ, որովհետեւ նա նայում է իր մյուս գործընկերներին՝ Նազարբաեւին, Լուկաշենկոյին, Պուտինին: Ասում է՝ ումից եմ պակաս, որ չդառնամ վարչապետ: Բայց քանի դեռ ինքը չի ասել, որ վարչապետ է դառնալու, լուրջ չի, որ ասենք՝ եթե ինքը էսպես անի, մենք էլ էսպես կանենք: «Եթե»-ն լուրջ քաղաքական կատեգորիա չէ»:
Բա դուք ինչպես եք դզում Սերժ Սարգսյանին, պարոն Արամ Սարգսյան: Ի դեպ, ցավալի է, որ չեք պատկերացնում, թե ինչ քաղաքագիտական կատեգորիա է եթեն: Շատ հեշտ է արդեն կատարված իրողությանը գնահատական տալ, ավելի դժվար է, երբ չգիտես ելքը և ունես մի քանի տարբերակներ՝ անցանկալին կանխելու համար: Եկեք գոնե դուք, քաղաքական կատեգորիաներից մի խոսեք:
Ատոմ Ոսկանյան