Տեր-Պետրոսյանի հմայքը չի խամրում
АналитикаՈւզենք, թե չուզենք, Հայաստանի 26 տարիների պատմության մեջ մեկ գործիչ կա, որը դրսևորել է բացառիկ պետականամետ մտածողություն: Դա ՀՀ առաջին և հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: Ժամանակը դեռ շատ հարցերի պատասխանը կտա: Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ Տեր-Պետրոսյանը ծնվել և գործում է ժամանակավրեպ փուլում, ոչ նույնական հանրույթում: Սակայն սա քննարկման այլ թեմա է:
Այն, որ բոլոր դիվանագետները կամ այլազգի պաշտոնյաները, փորձում են հանդիպումներ և քննարկումներ ունենալ նրա հետ՝ Հայաստանին և Արցախին վերաբերվող հարցերում, կարծում ենք, որևէ մեկի համար գաղտնիք չէ: Սակայն իշխանական լրատվամիջոցները փորձում են անընդհատ երկրորդել կամ իրենց բնորոշ ձևով լղոզել այս ամենը:
Նույնը վերաբերվում էր վերջերս ԵՄ-ի հետ ստորագրված փաստաթղթին: Բոլորը միաբերան գոռում և գովում էին Սերժ Սարգսյանին՝ «և-և»-ի փայլուն քաղաքականության համար, մոռանալով, որ հայկական միջավայրում այդ թեզն առաջ է տարել և երկար ժամանակ դրա հիմնական ու միակ ջատագովը եղել է հենց Տեր-Պետրոսյանը:
Մինչ Սարգսյանը մեկ գիշերում որոշումներ էր փոխում, Տեր-Պետրոսյանը խաղաց փայլուն պարտիա, նորից հանուն պետականության: Այդ ժամանակ, այսպես կոչված արևմտամետերը քիչ էր մնում հոշոտեին Տեր-Պետրոսյանին, երբ վերջինս հայտարարեց, որ ԵԱՏՄ-ին անդամակցելն այլևս փաստ է, ու որևէ մեկը չի կարող ազդել այդ գործընթացի վրա: Բնական է, որ նա հասկանում էր, թե ինչի մասին է խոսում: Ավելին, այդ նույն հատվածում և դրանից հետո, որքան մեզ հայտնի է, եվրոպացի տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումների ժամանակ, Տեր-Պետրոսյանը հանդիմանել է, որ չի կարելի Հայաստանի նման պետությանը կանգնեցնել կամ-կամի ընտրության առաջ: Մեղմ ասած հուշել և ուղղորդել է նաև այս տարբերակին, որն ունենք այսօր:
Եվ ահա երեկ, Հայաստանի առաջին նախագահի առանձնատանը տեղի է ունեցել Լևոն Տեր-Պետրոսյանի և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու հանդիպումը, փոխանցում է Տեր-Պետրոսյանի գլխավորած «Հայ ազգային կոնգրես» կուսակցության մամուլի ծառայությունը:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցերի լայն շրջանակ, այդ թվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Եվրոպական Միություն-Հայաստան համագործակցության, մասնավորապես՝ վերջերս ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, Հայաստանում կոռուպցիայի հաղթահարման և ժողովրդավարացման, տարածաշրջանային քաղաքականության հետ կապված հարցեր: Երկուստեք ընդգծվել է ԼՂ հակամարտության կարգավորման կենսական նշանակությունը՝ Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության և զարգացման համար»,- նշված է ՀԱԿ-ի տարածած հաղորդագրությունում: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Բնական է, որ մենք բնավ խնդիր չունենք նսեմացնելու Սարգսյանի դերակատարումն այս գործընթացներում, սակայն մյուս կողմից, որպեսզի չմեղանչենք պատմության դեմ, չէինք կարող չանդրադառնալ Տեր-Պետրոսյանի գործոնին: Իսկ այդ հանդիպումը, թերևս մեր պնդման լավագույն ապացույցն է:
Մլեհ Լուսինյան